Իսպանիայի հարավում անտառային հրդեhի հետևանքով 12 մարդ է զnhվել
Իսպանիայի հարավում գտնվող Անդալուսիայում անտառային հրդեհը 12 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնել է տարածաշրջանի վարչակազմը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների կառավարման մարմնին։
Զոհերից մի քանիսին հայտնաբերել են ավտոմեքենաների մեջ։
Հրդեհը բռնկվել է հուլիսի 9-ին՝ ցերեկը։ Իշխանությունները տարհանել են Ալմոկայսար, Ֆուենտե դել Ալբարիկո, Լոս Պինոս և Լա Սերենա շրջանների բնակիչներին, ինչպես նաև Պինար թաղամասի տների բնակիչներին։ El Pais-ի տվյալներով՝ տարհանումը վերաբերել է շուրջ 1,000 մարդու։
Բեդարում մի կին այրվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Եվս մեկ մարդու մոտ արձանագրվել է ծխահարում, նրան նույնպես հոսպիտալացրել են։ Չորս մարդ տեղում բժշկական օգնություն է ստացել շնչառական խնդիրների և թեթև այրվածքների պատճառով, հայտնում է տարածաշրջանի վարչակազմի մամուլի ծառայությունը։
Հրդեհի գոտում ճանապարհները փակվել են։ Հրդեհի մարման աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրավված է 150 մարդ։
Շաբաթվա սկզբին Եվրոպայում գրանցված ռեկորդային շոգի պատճառով հրդեհները պատել են Ֆրանսիան, հիմնականում՝ հարավային շրջանները։ Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտում կրակը մի քանի օրվա ընթացքում ոչնչացրել է առնվազն 4,600 հեկտար անտառ, հինգ մարդ տուժել է, վնասվել է 50 տուն, տարհանման մասին ծանուցում է ստացել 10 հազար մարդ։
Հրդեհի առաջացմանը նպաստել են եղանակային պայմանները՝ ուժեղ քամին, բարձր ջերմաստիճանը և շոգի պատճառով չորացած բուսականությունը, հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ն։

