ԱՄՆ-ը վտանգի տակ է դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ պայմանավորվածությունների գործողությունը. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի գործողությունները համարում է ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում և մտադիր է «վճռականորեն» պաշտպանել իր ազգային շահերը:
X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ Բաղային նշել է, Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը հենց սկզբից հիմնված է եղել ոչ թե վստահության, այլ «պարտավորություն՝ պարտավորության դիմաց» սկզբունքի վրա, քանի որ, նրա բնորոշմամբ, Թեհրանը Վաշինգտոնի կողմից բարի կամքի որևէ նշան չի տեսել:
«Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը հենց առաջին քայլից կազմվել է ոչ թե վստահության հիման վրա, այլ «պարտավորություն՝ պարտավորության դիմաց» հստակ մեխանիզմի հիման վրա, քանի որ մյուս կողմի վարքագծում բարի կամքի ոչ մի նշան չկար»,- գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Բաղային ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կասկածի տակ է դրել համաձայնագրի հինգերորդ կետը, որը, ինչպես պնդում է Թեհրանը, նախատեսում է Իրանի պատասխանատվությունը Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման կարգի որոշման հարցում:
Նա հայտարարել է, որ Վաշինգտոնն իր միակողմանի գործողություններով և «Իրանի դեմ ագրեսիվ հարձակումներով» փաստացիորեն խախտել է պայմանավորվածությունների կառուցվածքը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կշարունակի պաշտպանել ազգային շահերը և իրականացնել իր ինքնիշխանությունը»,- ընդգծել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

