Հայաստանի և Ղազախստանի ԱԱԾ-ները գաղտնի տեղեկություններ փոխանակելու կարգ են սահմանում

Կառավարությունն առաջարկում է վավերացնել 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանայում ստորագրված Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին համաձայնագիրը։ Հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 9–ի նիստի օրակարգում։

Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրով կկարգավորվեն երկու երկրների միջև քաղաքական, ռազմական, տնտեսական, իրավական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության ընթացքում փոխանցվող, ստացվող կամ ստեղծվող գաղտնի տեղեկությունների պահպանության և պաշտպանության կանոնները։

Այն նաև սահմանում է գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, իրավասու մարմինների համագործակցության և հնարավոր խախտումների դեպքում իրականացվող գործողությունների ընթացակարգերը։ Հայկական կողմից համաձայնագրի իրականացման իրավասու մարմինը կլինի ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ղազախական կողմից՝ Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն։

Նախագծում նշվում է, որ վերջին շրջանում Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում ընդլայնվում է, այդ թվում՝ պաշտպանական և ռազմական հետախուզության ուղղություններով, որտեղ անհրաժեշտ է գաղտնի տեղեկատվության անվտանգ փոխանակում։

ԱԱԾ-ի ներկայացմամբ՝ համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանը, գաղտնի տեղեկությունների պաշտպանության ամրապնդմանը, անվտանգային ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031