Մեսսին անկասելի է ԱԱ-2026-ում. արգենտինացին շրջանցեց Մբապեին ու Հալանդին
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է փայլել աշխարհի 2026 թվականի առաջնությունում։ Եգիպտոսի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչի դրամատիկ խաղում (3:2) արգենտինացին ոչ միայն օգնեց իր թիմին դուրս գալ հաջորդ փուլ, այլև միանգամից մի քանի տպավորիչ ցուցանիշներ գրանցեց։
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած խաղում դառնալով գոլի հեղինակ՝ Մեսսին ԱԱ-2026-ում իր խփած գնդակների քանակը հասցրեց 8-ի։ Այս արդյունքի շնորհիվ նա շրջանցեց ֆրանսիացի Կիլիան Մբապեին և նորվեգացի Էրլինգ Հալանդին, որոնց ակտիվում կա 7-ական գոլ, և կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը։
Բացի ընթացիկ առաջնության արդյունավետությունից, Մեսսին թարմացրեց նաև Մունդիալների պատմության բացարձակ ռեկորդը։ Եգիպտոսի դարպասն ուղարկած գնդակը նրա 21-րդն էր աշխարհի առաջնություններում։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում ընթացող Մբապեն ունի 19 գոլ։ Հիշեցնենք, որ մինչև ԱԱ-2026-ը ռեկորդը պատկանում էր Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին (16 գոլ)։
Միևնույն ժամանակ, արգենտինացին շարունակում է մնալ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ասիստենտը՝ իր ակտիվում ունենալով 9 գոլային փոխանցում։
Ավելացնենք, որ քառորդ եզրափակիչում Արգենտինայի ընտրանին ուժերը կչափի Կոլումբիա — Շվեյցարիա զույգի հաղթողի հետ։ 1/4 եզրափակիչի մյուս դիմակայություններում Նորվեգիան կհանդիպի Անգլիային, իսկ Ֆրանսիան կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Մարոկկոյի դեմ։
ArmsSport

