Ղազախստանի նոր Սահմանադրությունը Տոկաևին կրկին առաջադրվելու իրավունք է տալիս

Ղազախստանի նոր Սահմանադրությունը, որն ընդունվել է 2026 թվականի մարտի 15-ի հանրաքվեով և ուժի մեջ մտել հուլիսի 1-ին, երկրի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին իրավունք է տալիս կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, ասվում է հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ։

Սահմանադրական դատարանի տվյալներով՝ պետության ղեկավարը խնդրել էր պարզաբանել՝ արդյո՞ք այն անձինք, որոնք պաշտոններ են զբաղեցնում հին Սահմանադրությանը (1995 թվականի օգոստոսի 30-ի) համապատասխան, կարող են ընտրվել կամ նշանակվել նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորի, Գերագույն դատարանի նախագահի, գլխավոր դատախազի պաշտոններում։

«Նախագահի դիմումի քննարկման արդյունքներով՝ Սահմանադրական դատարանը տվել է պաշտոնական մեկնաբանություն. 2026 թվականի Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին կետը, 72-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 83-րդ հոդվածի 1-ին կետը և 84-րդ հոդվածի 3-րդ կետը պետք է հասկանալ այնպես, որ անձինք, որոնք 1995 թվականի Սահմանադրության համաձայն զբաղեցնում են տվյալ սահմանադրական նորմերով նշված պաշտոնները, կարող են ընտրվել կամ նշանակվել համապատասխան պաշտոններում՝ 2026 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո»,-նշված է դատարանի պարզաբանման մեջ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ «2026 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո նման անձանց համապատասխան պաշտոններում նշանակումը դիտարկվում է որպես առաջին ընտրություն կամ նշանակում»։

Ավելի վաղ Տոկաևի նախաձեռնությամբ Ղազախստանի օրենսդրության մեջ փոփոխություններ էին կատարվել, որոնց համաձայն՝ պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը չորսից դարձել էր յոթ տարի։ Նաև ամրագրվել էր, որ նույն անձը չի կարող նախագահ ընտրվել մեկ անգամից ավելի։ Այս նորմը պահպանվել է նաև երկրի նոր Սահմանադրությունում։

Տոկաևն առաջին անգամ նախագահի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի մարտի 20-ին՝ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունները վայր դնելուց հետո։ 2019 թվականի հունիսի 9-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում նա ընտրվել է նախագահ՝ ստանալով ձայների 70,96%-ը։

2022 թվականի նոյեմբերի 20-ին կայացած արտահերթ ընտրություններում Տոկաևը վերընտրվել է՝ հավաքելով ձայների 81,31%-ը։ Երդմնակալությունը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 26-ին։ Նախկին Սահմանադրության համաձայն՝ նրա լիազորությունների ժամկետը պետք է ավարտվեր 2029 թվականին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031