Թրամփը ցանկանում էր մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ԱՄՆ-ի զորակազմը՝ հայտնում է CNN-ը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկել է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունը մոտ մեկ երրորդով կրճատելու հնարավորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ուղղված «ազդանշան», հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփն այս գաղափարն առաջ է քաշել գարնանը՝ դժգոհ լինելով այն հանգամանքից, որ դաշինքի դաշնակիցները բավարար աջակցություն չեն ցուցաբերել ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի ընթացքում։ CNN-ը նշում է, որ զուգահեռաբար Պենտագոնը հայտարարել էր Եվրոպայում ամերիկյան զորքերի ռոտացիան չեղարկելու և տարածաշրջանից զորակազմի մի մասը դուրս բերելու մասին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ եվրոպացի առաջնորդները հույս ունեն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հեռանալ առանց լուրջ դիվանագիտական ցնցումների և սկանդալների, ուստի շտապ նախապատրաստում են պաշտպանական նոր պարտավորություններ՝ Թրամփի զայրույթը մեղմելու նպատակով։
Ամերիկացի պաշտոնյաները նաև հայտնել են, որ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը Անկարայում քննարկվելիք հիմնական թեմաներից է լինելու։ Միաժամանակ, նրանք թերահավատություն են հայտնել այն հարցում, թե արդյո՞ք եվրոպական երկրները բավարար ռազմական կարողություններ ունեն՝ անվտանգության ապահովման առաքելությանը էական ներդրում ունենալու համար։

