Միջազգային սկանդալ է. Տոնոյանը՝ օտարերկրյա մարզիկներին «Օլիմպավանից» դուրս բերելու մասին
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) մարզաբազա «Օլիմպավանից» օտարերկրյա մարզիկների դուրս բերելը միջազգային սկանդալ կառաջացնի։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։
Խուզարկություններ են կատարվում նաև «Օլիմպավանում», որտեղ մարզական հավաքի շրջանակում տարբեր երկրներից ժամանած մարզիկներ են։
«Խայտառակ նախադեպի հետ գործ ունենք, որովհետև «Օլիմպավանի» սենյակներից դուրս են բերել միջազգային տարբեր մրցելույթների նպատակով Հայաստանում ուսումնամարզական հավաքներ անցկացնող տարբեր մարզաձևերի մարզիկների։ Սա միջազգային սկանդալ է։ Միջազգային օլիմպիական կոմիտեն, համապատասխան մարզական ֆեդերացիաները, բնականաբար, ուշադրություն կդարձնեն այս փաստին»,- ասաց Տոնոյանը։
Նա շեշտեց՝ այն, ինչ տեղի է ունենում, ազդում է երկրի միջազգային հեղինակության վրա։
Տոնոյանը հավելեց, որ այս պահին կաթվածահար են տասնյակ ընկերությունների աշխատանքներ, հազարավոր աշխատակիցներ չեն կարողանում իրենց աշխատավայրեր մուտք գործել։
Միաժամանակ խուզարկություններ են իրականացվում «Արարատցեմենտ», «Մուլտի սթոուն», «Մուլտի տաբակ» ընկերություններում, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, «Մուլտի Վելնես» համալիրում, բազմաթիվ հյուրանոցներում, այդ թվում՝ Ծաղկաձորի «Մուլտի ռեսթ», Վերին Պտղնիում գտնվող «Մուլտի գրանդ Փարավոն»-ում և այլն։

