Ավելացել է Եվրոպայից և Պարսից ծոցի երկրներից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը. փորձագետ
Հայաստանի ներգնա տուրիզմում ավանդական երկրներից (ՌԴ, Վրաստան, Իրան) բացի վերջին շրջանում զբոսաշրջային այցելությունները ակտիվացել են նաև Պարսից ծոցից և եվրոպական այլ երկրներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։
«Ծոցի երկրներից որոշակի ակտիվություն ունենք, չնայած ավելի շատ կարող էր լինել, եթե մենք ունենայինք թռիչքների հետ կապված ավելի նորմալ իրավիճակ։ Հասկանալի պատճառներով թռիչքները դեռևս ամբողջ ծավալով չեն վերականգնվել, իսկ եթե վերականգնվել են, ապա անընդհատ լինում են ուշացումներ, ժամային գրաֆիկի փոփոխություններ, ինչը բերում է լուրջ խնդիրների»,– նկատել է փորձագետը։
Գևորգյանը նկատում է, որ զբոսաշրջիկները որպես կանոն նախընտրում են մեկնել այն երկրներ, դեպի ուր ուղիղ թռիչքներ կան։ Եվրոպայից Հայաստան այցելուների թվի ավելացումը Վլադիմիր Գևորգյանի համոզմամբ, հենց այս հանգամանքով է պայմանավորված։
«Այս դեպքում էական ազդեցություն է ունեցել եվրոպական երկրների հետ ուղիղ թռիչքների ավելացումը։ «Զվարթնոց» օդանավակայանն այս առումով դառնում է թռիչքային հաբ։ Այստեղ գալիս են որպես տրանզիտ երկիր՝ մեկ այլ երկիր մեկնելու նպատակով, և այդ ընթացքում էլ 1-2 օր ժամանակ են անցկացնում Հայաստանում` հաճելին համատեղելով օգտակարի հետ»,– նշել է մասնագետը։
Ուղիղ չվերթերի ավելացումը, Գևորգյանի խոսքով, ոչ միայն զբոսաշրջային նոր հոսքեր է ապահովում, այլև ընդլայնում է երկրների աշխարհագրությունը։
2026թ–ի առաջին կիսամյակի և ամռան առաջին ամսվա վիճակագրությունը Զբոսկոմիտեն դեռ չի հրապարակել։ Բայց Վլադիմիր Գևորգյանն առանց թվային ցուցանիշների էլ տուրիստական հոսքերի որոշակի ստաբիլություն նկատում է։
«Պետք է նշեմ, որ դրանք ավելի շատ ինդիվիդուալ տուրիստներ են, ոչ թե զբոսաշրջային ընկերությունների կողմից կազմակերպված տուրերով Հայաստան այցելած զբոսաշրջիկներ։ Որպես անհատ գնում են ավիատոմս, ամրագրումներ են կատարում և գալիս են Հայաստանում հանգստանալու»,–նկատել է Գևորգյանը։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026-ի առաջին 5 ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 825 հազար զբոսաշրջիկ։ 2025թ–ին` ամբողջ տարվա ընթացքում, ՀՀ այցելածների թիվը եղել է 2 263 642։
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով, ըստ այդ վիճակագրության, առաջին տեղում Ռուսաստանն է (41%), երկրորդը` Վրաստանը (12%), երրորդը` Իրանը (8%)։

