ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը Գազայի հատվածում
ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը պատրաստվում է հայտարարել Գազայի հատվածում «Կառավարության աշխատանքի վերահսկման կոմիտեի» լուծարման մասին. վերջինս փաստացի կառավարության գործառույթներ էր իրականացնում անկլավում՝ շուրջ երկու տասնամյակ տևած կառավարումից հետո։ Այս մասին Asharq Al-Awsat պարբերականին հայտնել են կազմակերպության երկու աղբյուրներ։
Նրանց խոսքով՝ այս քայլը նախապատրաստական փուլ է «Գազայի կառավարման կոմիտեին» (NCAG) լիազորությունների փոխանցման համար։ Սա տեխնոկրատ մարմին է, որը գլխավորում է պաղեստինցի պաշտոնյա Ալի Շաաթը։ Կոմիտեն ձևավորվել է մոտ վեց ամիս առաջ, սակայն մինչ օրս չի կարողացել սկսել աշխատանքը, քանի որ Իսրայելը թույլ չի տվել դրա անդամներին մուտք գործել հատված։
Աղբյուրներից մեկը պնդում է, որ գործող կառավարման մարմնի լուծարման մասին պաշտոնական հայտարարությունը կարող է արվել արդեն երկուշաբթի օրը։ Երկրորդ աղբյուրը հաստատել է, որ որոշումը կհրապարակվի առաջիկայում՝ առանց հստակ ժամկետ նշելու։
Կառավարման համակարգում հնարավոր փոփոխությունների ֆոնին՝ ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների աղբյուրները նաև հայտնել են, որ առաջիկա երկու օրվա ընթացքում Կահիրեում տեղի կունենան նոր բանակցություններ՝ նվիրված Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ տարաձայնությունների կարգավորմանը։

