Լեհաստանի պաշտպանության նախարարը հանձնարարել է գաղտնազերծել 2022–2026 թվականներին Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության մասին տվյալները

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտնել է, որ վարչապետ Դոնալդ Տուսկի հետ խորհրդակցություններից հետո հանձնարարել է գաղտնազերծել 2022-ից 2026 թվականների ընթացքում Ուկրաինային օգնության բոլոր մատակարարումների մասին տեղեկությունը։

Ըստ նրա, որոշումն ընդունվել է «հասարակական կարծիքի առջև պատասխանատվությունը պահպանելով և գործող օրենսդրությանը համապատասխան»։

«Վարչապետ Դոնալդ Տուսկի հետ խորհրդակցություններից հետո, պահպանելով պատասխանատվությունը հասարակական կարծիքի առջև և իրավական նորմերին համապատասխան, ես հանձնարարել եմ գաղտնազերծել 2022–2026 թվականներին Ուկրաինային օգնության մատակարարումների վերաբերյալ բոլոր տվյալները», — գրել է Կոսինյակ-Կամիշը X սոցցանցում։

Նախարարը հիշեցրել է, որ Ուկրաինային ռազմական տեխնիկայի փոխանցման գործընթացը սկսել էր նախորդ կառավարությունը՝ «Իրավունք և արդարություն» կուսակցությունը, այն ժամանակվա պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի ղեկավարությամբ։

«Տեխնիկայի փոխանցման գործընթացը նախաձեռնվել էր «Իրավունք և արդարություն» կուսակցության կառավարության կողմից՝ նախարար Մարիուշ Բլաշչակի գլխավորությամբ», — նշել է նա։

Կոսինյակ-Կամիշը նաև ընդգծել է, որ Լեհաստանի նախագահը տեղեկացվում է սպառազինության յուրաքանչյուր մատակարարման մասին։ Ըստ նրա, ներկայումս այս որոշումների մասին տեղեկացվում է երկրի նախագահ Կարոլ Նավրոցկին, իսկ ավելի վաղ՝ Անջեյ Դուդան։

Բացի այդ, նախարարը հայտնել է, որ հանձնարարել է Ռազմական հակահետախուզության ծառայությանը (SKW) հետաքննություն անցկացնել՝ պետական գաղտնիքի հնարավոր միտումնավոր բացահայտման կապակցությամբ։

«Ես նաև հանձնարարել եմ Ռազմական հակահետախուզության ծառայությանը պարզել, թե ով է միտումնավոր փորձել բացահայտել պետական գաղտնիքները։ Մենք գործում ենք մեր սահմանների մոտ պատերազմի պայմաններում, և ցանկացած գործողություն, որն ուղղված է Լեհաստանի ազգային շահերի դեմ, վտանգի տակ է դնում լեհ կանանց և տղամարդկանց անվտանգությունը», — հայտարարել է նա։

Դիմելով պաշտպանության նախկին նախարար Մարիուշ Բլաշչակին՝ Կոսինյակ-Կամիշը հավելել է.

«Պարոն Բլաշչակ, դուք դա արդեն մեկ անգամ արել եք։ Դրա համար բոլորը պատասխանատվություն կկրեն՝ անկախ անձեռնմխելիության առկայությունից»։

Ավարտելով՝ Լեհաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ իր բոլոր գործողություններում առաջնորդվում է բացառապես լեհ քաղաքացիների անվտանգության շահերով։

«Իմ բոլոր գործողություններում ես միշտ առաջնորդվում եմ լեհ կանանց և տղամարդկանց անվտանգության շահերով», — հայտարարել է Կոսինյակ-Կամիշը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031