ՀԱՀ-ում զանգվածային հակամիգրացիոն բողոքների ֆոնին Նիգերիայի երկու քաղաքացի է զոհվել
Նիգերիայի երկու քաղաքացի զոհվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ օտարերկրյա աշխատողների դեմ ուղղված հակամիգրանտական բողոքների ալիքի ֆոնին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Նիգերիայի ԱԳՆ-ին։
Գերատեսչության տվյալներով, երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել հունիսի 28-ին՝ բողոքի ակցիաների մասնակիցների կողմից օտարերկրացիների՝ երկրից հեռանալու համար սահմանված ոչ պաշտոնական ժամկետից երկու օր առաջ։ Ինչպես պնդում են Նիգերիայի իշխանությունները, զոհվածներից մեկը գնդակահարվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, երկրորդը՝ սպանվել անհայտ անձանց կողմից։
ՀԱՀ-ի ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել այս մեղադրանքները։
Ապրիլին և մայիսին անցկացված հակամիգրացիոն ակցիաներն ուղեկցվել են օտարերկրացիներին արտաքսելու պահանջներով, որոնց բողոքողները մեղադրում էին գործազրկության աճի, հանցավորության և պետական ծառայությունների վրա լրացուցիչ բեռ ստեղծելու մեջ։ Բռնության աճի ֆոնին Նիգերիան, Գանան և Մալավին կազմակերպել են իրենց քաղաքացիների մի մասի հայրենադարձումը և բացատրություններ պահանջելու համար կանչել հարավաֆրիկյան դիվանագետներին։
Նիգերիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կիմիեբի Իմոմոտիմի Էբիենֆան հայտարարել է, որ երկու նիգերիացիների մահը առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում, քանի որ դա տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ օտարերկրացիները դառնում են հարձակումների թիրախ։
«Այս երկու սպանությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ օտարերկրացիները ենթարկվում են չհիմնավորված հարձակումների Հարավային Աֆրիկայում։ Սա հարցեր է առաջացնում այն մասին, թե արդյոք որոշ ուժեր միտումնավոր չեն փորձում հանցագործի պիտակ կպցնել բարեկիրթ, աշխատասեր և հարգված նիգերիացիներին», — հայտարարել է նա։
Հարավային Աֆրիկան արդեն առաջին անգամ չէ, որ բախվում է այլատյաց բռնության բռնկումներին։ Ամենախոշոր անկարգություններից մի քանիսը տեղի են ունեցել 2008 թվականին, երբ օտարերկրացիների վրա հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն այն ժամանակ տեղի ունեցածը որակել էին որպես այլատյացության դրսևորում։

