Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո
Ալյասկայում տեղի ունեցած ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բահրեյնում լրագրողների հետ զրույցում։
«Ալյասկայում առաջարկներ եղել են, բայց Ալյասկայում համաձայնություններ չեն եղել։ Եթե համաձայնություն լիներ, պատերազմն արդեն ավարտված կլիներ», – նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն առաջվա պես պատրաստ է ցանկացած կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում պատերազմի վերջնական ավարտն ապահովելու համար։
Նա վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը «պետք է դեր խաղա կողմերին մոտեցնելու» և ճգնաժամին վերջ դնելու գործում։
Այս շաբաթ ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվածություն է եղել այն բանի շուրջ, թե ինչպես դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և անցնել բանակցությունների։
«Իսկ հիմա նրանք մեզ ասում են. լսեք, առայժմ չի ստացվում, եկեք ևս մեկ անգամ ինչ-որ բան զիջեք։ Մենք այնտեղ ոչինչ չենք զիջել, մենք այնտեղ պարզապես պայմանավորվել ենք այն բանի շուրջ, թե ինչպես դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնամուխ լինել մնացած բոլոր հարցերի լուծմանը բանակցությունների սեղանի շուրջ», – պարզաբանել է Լավրովը։

