Բաժիններ՝

Մարկո Ռուբիոն Պարսից ծոցում քննարկել է Իրանի հետ համաձայնագիրը

Բահրեյնում Պարսից ծոցի արաբական պետությունների արտաքին գործերի նախարարների ու պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահեցրել է, որ Իրանի հետ կնքվելիք ցանկացած համաձայնագրում ներառվելու են իրենց շահերը։

Իր ելույթում Ռուբիոն պարզաբանել է, որ Վաշինգտոնը ձգտում է վաղեմի հակառակորդ Իրանի հետ հաստատել տևական խաղաղություն, որը վտանգի տակ չի դնի իր դաշնակիցների բարգավաճումն ու անվտանգությունը։ Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցը դիտարկում է որպես միջազգային նավագնացության ուղի և անընդունելի է համարում Իրանի կողմից դրանով անցնող նավերից հնարավոր վճարների գանձումը։

«Իրականությունն այն է, որ երկրագնդի վրա ոչ մի երկիր իրավունք չունի վճար գանձելու միջազգային ջրային ուղիների օգտագործման համար։ Եվ դա երբեք չի լինի որևէ գործարքի ընդունելի պայման։ Նախագահը սկզբունքորեն հստակ է եղել այդ հարցում», – ասել է Ռուբիոն։

Նրա ձևակերպմամբ՝ ԱՄՆ վարչակազմը արաբական պետությունների աջակցությամբ հույս ունի կառուցողական երկխոսություն ծավալել և մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերել Իրանի իշխանությունների հետ։

«Չնայած մենք ցանկանում ենք համաձայնագիր, մենք չենք ուզում, որ այն լինի համաձայնագիր ցանկացած գնով։ Մենք ցանկանում ենք լավ, իրական, ապացուցված գործարք, գործարք, որը կհարգվի։ Եվ կարևոր է, որ բանակցային գործընթացի ընթացքում կամ դրանից հետո ձեռք բերված ցանկացած համաձայնագիր հարգվի», – ասել է նա։

Պետքարտուղարի եռօրյա այցը Պարսից ծոց առաջին բարձր մակարդակի դիվանագիտական առաքելությունն է ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրի կնքումից հետո։ Այն ստորագրվել էր նախորդ շաբաթ՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված հակամարտությանը վերջ տալու նպատակով։ ԱՄԷ և Քուվեյթ կատարած այցելությունների ժամանակ Ռուբիոն փորձել է հավաստիացնել պաշտոնյաներին, որ նախատեսվող փաստաթուղթը չափից ավելի ձեռնտու չէ Իրանի համար։

«Մենք չենք անելու որևէ բան, որը կխաթարի մեր դաշնակիցների, տարածաշրջանում մեր վաղեմի դաշնակիցների անվտանգությունը», – Քուվեյթում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի տվյալներով՝ կառույցի գլխավոր քարտուղար Ջասիմ Մուհամմադ ալ-Բուդաիվին հայտնել է, որ խորհրդի և ԱՄՆ-ի համատեղ նախարարական հանդիպմանը քննարկվել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ տարածաշրջանային իրավիճակը, կայունության ու անվտանգության ամրապնդման ուղիները, ինչպես նաև լարվածության թուլացմանն ուղղված միջնորդական ջանքերը։

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ բոլոր վեց պետությունները՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Քուվեյթը, Վաշինգտոնի ռազմավարական դաշնակիցներն են, որոնք պատերազմի ընթացքում որոշակի լոգիստիկ աջակցություն են ցուցաբերել ԱՄՆ-ին և արդյունքում տուժել իրանական ավիահարվածներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930