«Apple» ընկերությունը «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
«Apple» ընկերությունը «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները։ Դրանք այլևս հասանելի չեն ներբեռնման և թարմացման համար «Apple» սարքերում: Այս մասին Վեդոմոստի-ին հայտնել են «VK»-ից։
Ռուսական ընկերությունում ընդգծել են, որ «VK»-ն երբեք պատժամիջոցների տակ չի գտնվել և չի հայտնվել պատժամիջոցների ցուցակներում։ Դրա հաստատումը միջազգային և ամերիկյան իրավաբանների բազմաթիվ եզրակացություններն են։ Իրավաբանների պաշտոնական եզրակացությունները և անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը վաղուց է գտնվում Apple-ի տրամադրության տակ, շեշտել են «VK»-ում։
«iOS» օգտատերերի համար հասանելի չեն դարձել «VK» հիմնական հավելվածը, «VK Видео»-ն, «VK Музыка»-ն, «VK Мессенджер»-ը, «Mail.ru»-ն, «Одноклассники»-ն և «Дзен»-ը ներբեռնելու և թարմացնելու հնարավորությունները։
Դրանք որոնելիս «App Store»-ը գրում է, որ «ոչինչ չի գտնվել»։ Հավելվածների հեռացումը կհանգեցնի նրան, որ օգտատերերը չեն ստանա push-ծանուցումներ և թարմացումներ։ Միևնույն ժամանակ, «Apple» սմարթֆոնների և սարքերի վրա նախկինում տեղադրված բոլոր «VK» հավելվածները կշարունակեն աշխատել։
«VK»-ում ընդգծել են, որ «Apple»-ը «VK» հավելվածները հեռացրել է առանց նախազգուշացման՝ միակողմանի կարգով։ Ընկերությունում համոզված են, որ նման գործողություններով «Apple»-ը սահմանափակում է ռուս օգտատերերի մուտքը պահանջված ծառայություններ, որոնցից ամեն օր օգտվում են տասնյակ միլիոնավոր մարդիկ։ «Android» օգտատերերի համար «VK» հավելվածները հասանելի են ամբողջ ծավալով, ներառյալ թարմացումները, ծանուցումները և այլ գործառույթներ՝ «RuStore»-ում, «Google Play»-ում, «Huawei AppGallery»-ում, «Samsung Store»-ում, «Xiaomi Store»-ում և արտադրանքների պաշտոնական կայքերում։

