Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռազմաճակատում իրավիճակը Կիևի համար օրեցօր վատթարանում է և անդառնալի հետևանքներ կունենա: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նա նշել է նաև, որ ուկրաինական կողմը փորձում է դրան արձագանքել։
«Իրադրությունը ռազմաճակատում այնպիսին է, որ այն օրեցօր վատթարանում է կիևյան վարչակարգի համար։ Դինամիկան ակնհայտ է։ Մեր զորքերն առաջխաղացում ունեն ամբողջ ճակատով, և որոշակի պահի անդառնալի գործընթացներ կսկսվեն կիևյան վարչակարգի համար։ Հետևաբար, կիևյան ռեժիմը պատասխանում է. պատասխանում է՝ ինչպես կարող է», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայի կողմից Ղրիմը մեկուսացնելու փորձերի և Մոսկվայի պատասխան քայլերի վերաբերյալ հարցերին։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքին Ուկրաինայի հարվածների հետևանքները կհասցվեն նվազագույնի, և համապատասխան գերատեսչությունները շուրջօրյա ռեժիմով զբաղվում են դրանով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն անդրադարձել է նաև Պետական դումայի ընտրություններին, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերին։ Նրա խոսքով՝ ընտրությունների ժամկետի փոփոխություն չի քննարկվում։
Հունիսի 21-ին Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Ղրիմում բենզալցակայանները դադարեցրել են ֆիզիկական և իրավաբանական անձանց վառելիքի տրամադրումը ինչպես կանխիկ և անկանխիկ վճարումների միջոցով, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության կենսագործունեությունն ու անվտանգությունը:

