Անցկացվել է ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը
Հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում անցկացվել է ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը։ Միջնորդ երկրները՝ Կատարն ու Պակիստանը, համատեղ հայտարարությամբ հայտնել են, որ կողմերը սահմանել են 60-օրյա ճանապարհային քարտեզ՝ վերջնական գործարքին հասնելու համար:
Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել հետևյալ պայմանավորվածությունները.
Ստեղծել քաղաքական վերահսկողության մարմին և հատուկ աշխատանքային խմբեր, որոնք զբաղվելու են միջուկային ծրագրի, պատժամիջոցների չեղարկման ու վեճերի լուծման հարցերով:
Ձևավորել ուղիղ կապի խողովակ՝ 60-օրյա անցումային շրջանում Հորմուզի նեղուցում միջադեպերից խուսափելու և առևտրային նավերի անվտանգ ու անվճար անցումն ապահովելու նպատակով։
ԱՄՆ-ի, Իրանի և Լիբանանի մասնակցությամբ ստեղծել «ապաէսկալացիոն կենտրոն»՝ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցմանը հետևելու համար։
Բանակցությունների ավարտին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նաև հայտարարել է, որ «նավթային պատժամիջոցները չեղարկվել են, արտերկրում գտնվող իրանական ակտիվների մի մասն ապասառեցվել է, և Իրանի համար վերականգնման ու զարգացման խոշոր ծրագիր է մեկնարկել»:
Բանակցությունները սկզբում ընթացել են քառակողմ ձևաչափով, սակայն Դոնալդ Թրամփի հրապարակային սպառնալիքներից հետո Թեհրանը հրաժարվել է ուղիղ հանդիպումներից, և քննարկումները շարունակվել են ուղերձների փոխանակմամբ: Տեխնիկական մակարդակով բանակցությունները կշարունակվեն այս շաբաթվա ընթացքում։

