Նիկոլ Փաշինյան, կորուստների ինքնահոսը չես կարողանում կանգնեցնել. ընտրություններով հեռանալը լավագույն ճանապարհը կլիներ. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Մենք հաճախ մանր-մունր թեմաների մեջ ենք խրվում, անկարևոր բաների վրա ծախսում մեր էներգիան, չնկատելով ամենակարևորը:
Արցախի կորուստն ու Արցախից հրաժարվելն այս իշխանությունը բացատրեց նրանով, որ այդ թեման պատերազմի առաջ դուռ էր բացում, վտանգում Հայաստանի Հանրապետությունը, որը մենք «գտել ենք»` Արցախը կորցնելուց հետո: Նույն տրամաբանությամբ հայտարարեցին, որ արցախցիների` իրենց հայրենիք վերադարձը, Մինսկի խմբի գոյությունը, միջազգային ատյաններ ուղղված իրավական հայցերը, անգամ Արցախ բառի գործածումը սադրում է մեր «խաղաղասեր» հարևաններին: Նրանք նաև ծանր են տանում ու ագրեսիայով լցվում մեր նկատմամբ, երբ մենք հիշում ենք 1915-ի ցեղասպանությունը, Բաքվի ու Սումգայիթի ջարդերը, նրանց տհաճ է Արևմտյան Հայաստան տերմինի գործածումը, Արարատ սարի առկայությունը մեր խորհրդանիշների վրա…
Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ` պարզ չի, թե ով ում է ցեղասպանել, ուստի «ցեղասպանություն ասես` ցեղասպանություն կստանաս, էթնիկ զտում ասես` էթնիկ զտում կստանաս», այդ պատճառով էլ ինքը «փակել է արցախյան շարժման էջը» և ով փորձի այն բացել` իր հետ գործ կունենա…
Այս ամենին վրադիր նաև սահմանազատման կանոնակարգ վավերացրին, մեր Սահմանադրական դատարանին պարտադրեցին որոշում կայացնել ու մեջը գրել, որ Անկախության հռչակագիրն առոչինչ է: Խաղաղության փաստաթուղթ նախաստորագրեցին ու Թրիփի համաձայնագրեր կնքեցին: Տավուշից Ադրբեջանի ուզած հատվածը տվեցին, դրա դիմաց ոչինչ չստանալով, գերիների հարցը չեն բարձրաձայնում, անգամ մեր 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները չեն ազատում ադրբեջանցիք… և մենք լուռ տանում ենք այս ամենը:
Եվ այսքան անպատմելի, չարդարացված, ողբերգական զիջումներից հետո էլ պարզվում է` պատերազմի, ռազմական էսկալացիայի ռիսկը չի վերացել: Ինքը` Փաշինյանը Հաջիևի այցը Դիլիջան` ընտրությունների հաջորդ օրը բացատրեց` «ռիսկերը կառավարելու» անհրաժեշտությամբ, որը մարդկային լեզվով ասած` պատերազմի վտանգը կանխելու մասին է…
Երբ խելացի մարդիկ ասում էին, որ զիջումների գնալ չի կարելի, որովհետև զիջումը զիջում է բերելու և մեր հարևան հրեշավոր պետության ախորժակն ավելի ու ավելի է բացվելու, սրա մասին էին ասում: Երբ ասում էին` հեռացիր, որ նոր մարդը նոր կետից սկսի բանակցությունները և մեր պետությունը շանս ստանա, սրա մասին էին ասում: Երբ ասում էին` մի փչացրու Ռուսաստանի հետ հարաբերությունները, որովհետև Արևմուտքը մեր պաշտպանվածությունը չի ապահովելու և մենք մնալու ենք տետ ա տետ այս չկշտացող գազանի առաջ, սրա մասին էին ասում…
Վերջապես, հարցն այն չի, որ մի 500 կամ 700 հազար մոլորյալ ձեզ դեռ ձայն է տալիս, հարցն այն է, որ կորուստների ինքնահոսը չես կարողանում կանգնեցնել և ընտրություններով հեռանալը լավագույն ճանապարհը կլիներ:
Իսկ հիմա արդեն Նախիջևանում «Արևմտյան Ադրբեջան» կոնֆերանսին և դրանց բարձրաստիճան պաշտոնյաների լկտի հայտարարություններին ենք հետևում, , թե ինչպես են Սյունիքը վերցնելու, Գյոյչայի ափին շուտով հանգստանալու…»:

