Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել. Թրամփ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Ֆրանսիայում «Մեծ յոթնյակի» հանդիպման ժամանակ կրկին ու կրկին խնդրել է ինձ հետ լուսանկարվել։ Այս մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը կասկածի տակ է դրել Մելոնիի պոպուլյարության մակարդակը։
«Ըստ նրա պոպուլյարության մակարդակի՝ Իտալիայում նրա գործերը վատ են ընթանում, հնարավոր է՝ այն պատճառով, որ նա մերժել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ այն երկրին, որն իսկապես սիրում և պաշտպանում է Իտալիան, երբ հարցը վերաբերում էր Իրանին միջուկային զենք ունենալը կամ ստեղծելը թույլ չտալուն (թեև, ի դեպ, նույնն արեց նաև ՆԱՏՕ-ն)։ Նա նույնիսկ մեզ թույլ չտվեց օգտվել իտալական թռիչքուղիներից, ինչը ստեղծում է լուրջ լոգիստիկ անհարմարություններ, և սա՝ այն դեպքում, երբ ԱՄՆ-ը ամեն տարի հարյուր միլիարդավոր դոլարներ է հատկացնում Իտալիայի և ՆԱՏՕ մյուս «այսպես կոչված» դաշնակիցների պաշտպանությանը։ Իսկ հիմա, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական պարտության մատնեց Իրանին, նա ուզում է կրկին բարեկամանալ նրա հետ՝ «իր դիրքերն ամրապնդելու» համար։ Ոչ, շնորհակալություն!!!»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Սա Իտալիայի վարչապետի մասին Դոնալդ Թրամփի նմանատիպ բնույթի առաջին հայտարարությունը չէ։
Ավելի վաղ Թրամփը իտալական հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել էր, թե Մելոնին իբր «աղաչել» է իրեն G7 գագաթաժողովում համատեղ լուսանկարվել։ Իտալիայի վարչապետը հերքել է այս պնդումները՝ դրանք անվանելով «լիովին հորինված»։
Իտալիայի արտգործնախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է ԱՄՆ նախատեսված այցի չեղարկման մասին՝ ի նշան բողոքի վարչապետ Ջորջիա Մելոնիի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների դեմ։
Տայանիի խոսքով՝ ԱՄՆ առաջնորդի «կոպիտ և վիրավորական արտահայտությունները» «վիրավորում են ողջ Իտալիան»։ Այցը նախատեսված էր հունիսի 21–22-ին և պետք է ներառեր մասնակցություն Մայամիում իտալա-ամերիկյան համաժողովին, ինչպես նաև հանդիպումներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

