Լուկաշենկոյին ջերսենյան ցեղատեսակի կով են նվիրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Մինսկի մարզում կաթնամթերային անասնաբուծական համալիր այցելության ժամանակ նվիրել են ջերսենյան ցեղատեսակի կով՝ Մուսյա անունով։ Այս մասին հայտնել է ԲելՏԱ գործակալությունը։
Հունիսի 19-ին Բելառուսի առաջնորդը գործուղման է գնացել Ուզդենի շրջան՝ ծանոթանալու «Յաչենկա» ՍՊԸ «ԲելԻնտերԳեն-ագրո» ընկերության աշխատանքին։
Ինչպես հայտնել է գործակալությունը, ձեռնարկությունում հիմնականում զբաղվում են հոլշտինյան ցեղատեսակի բուծմամբ, սակայն նաև սկսել են բազմացնել ջերսենյան ցեղատեսակը։ Ջերսի ցեղատեսակի ներկայացուցչին էլ նվիրել են պետության ղեկավարին։
Ջերսենյան ցեղատեսակը կաթնատու կովերի մանր ցեղատեսակներից է։ Դրա առանձնահատկությունն այն է, որ կաթը պարունակում է մեծ քանակությամբ յուղ և սպիտակուց, ինչպես նաև աչքի է ընկնում A2 սպիտակուցի բարձր պարունակությամբ։ Միևնույն ժամանակ, փոքր քաշի շնորհիվ այդ ցեղատեսակի կովերի համար զգալիորեն ավելի քիչ կեր է պահանջվում։ Օրական կաթնատվությունը կազմում է մինչև 30 լիտր։
Նշվել է, որ ձեռնարկությունում ջերսի ցեղատեսակը սկսել են բուծել մեկ կովից, որը նույնպես Մուսյա էր կոչվում և ապրել է 11 տարի։ Նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» թելեգրամ-ալիքը հրապարակել է բաց դեղնավուն գույնի երիտասարդ կովի լուսանկարը։

