Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
Այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նիստի ավարտին հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդի անդամները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում և Իրաքում իրավիճակի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։
ԱԱԽ-ն վերահաստատել է Թուրքիայի վճռականությունը՝ շարունակելու պայքարը PKK/KCK-PYD/YPG, FETÖ և «Իսլամական պետություն» (ԴԱԵՇ) խմբավորումների դեմ, ինչպես նաև ընդգծել է «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» և «Ահաբեկչությունից զերծ տարածաշրջան» նպատակների կարևորությունը։
Հայտարարության մեջ գոհունակություն է արտահայտվել Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ՝ ընդգծելով, որ Անկարան շարունակելու է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին։
Խորհրդի անդամները քննարկել են նաև ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները և կոչ արել կողմերին ձեռնարկել քայլեր արդար և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ՝ կանխելով հակամարտության հետագա տարածումը, մասնավորապես Սև ծովի տարածաշրջանում։
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը նաև անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանն առնչվող վերջին զարգացումներին։

