ԱՄՆ-Իրան 14-կետանոց հուշագրի ամբողջական տեքստը
Համացանցում է հայտնվել Դոնալդ Թրամփի վարչակազմի և Թեհրանի միջև կնքված գաղտնի հուշագրի (MOU) ամբողջական բնագիրը։ Այս փաստաթուղթը, որը Սպիտակ տանը հանգեցրել է կատաղի պառակտման (ընդհուպ մինչև կոշտ դիրքորոշում ունեցող պաշտոնյաների հնարավոր հրաժարականների), փաստացի արձանագրում է ԱՄՆ-ի աննախադեպ տնտեսական զիջումները՝ էներգետիկ և նավթային համաշխարհային ճգնաժամը կանխելու դիմաց։
Փաստաթղթի 14 կետերը.
1. Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում.
ԱՄՆ-ն, Իրանը և նրանց դաշնակիցները հայտարարում են բոլոր ճակատներում (ներառյալ Լիբանանում) ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին: Կողմերը պարտավորվում են չնախաձեռնել պատերազմ կամ ուժի սպառնալիք միմյանց դեմ և երաշխավորել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
2. Ինքնիշխանության հարգում.
ԱՄՆ-ն և Իրանը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ձեռնպահ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց:
3. Վերջնական գործարքի ժամկետները.
Կողմերը պարտավորվում են բանակցել և հասնել վերջնական համաձայնագրի առավելագույնը 60 օրվա ընթացքում (ժամկետը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ):
4. Ծովային շրջափակման վերացում և զորքերի հետքաշում.
Հուշագրի ստորագրումից անմիջապես հետո ԱՄՆ-ն սկսում է Իրանի նկատմամբ ծովային շրջափակման հեռացումը՝ ամբողջությամբ դադարեցնելով այն 30 օրվա ընթացքում: Վերջնական գործարքից հետո 30 օրվա ընթացքում ԱՄՆ-ն պարտավորվում է հետ քաշել իր ռազմական ուժերը Իրանի մերձակայքից:
5. Հորմուզի նեղուցի ապաշրջափակում և կառավարում.
Իրանը պարտավորվում է առավելագույն ջանքեր գործադրել առևտրային նավերի անվտանգ և անվճար անցումն ապահովելու համար (միայն 60 օրով) Պարսից ծոցից դեպի Օմանի ծով: 30 օրվա ընթացքում Իրանը կիրականացնի տարածքի ականազերծում և երկխոսություն կսկսի Օմանի Սուլթանության ու Ծոցի մյուս պետությունների հետ՝ նեղուցի ապագա կառավարումը սահմանելու համար:
6. $300 միլիարդի վերակառուցման պլան.
ԱՄՆ-ն պարտավորվում է տարածաշրջանային գործընկերների հետ մշակել առնվազն $300 միլիարդ արժողությամբ ծրագիր՝ Իրանի վերակառուցման և տնտեսական զարգացման համար: Վաշինգտոնը կտրամադրի բոլոր անհրաժեշտ արտոնագրերն ու թույլտվությունները:
7. Պատժամիջոցների լիակատար չեղարկում.
ԱՄՆ-ն պարտավորվում է չեղարկել Իրանի դեմ գործող բոլոր տեսակի պատժամիջոցները, ներառյալ ՄԱԿ-ի ԱԽ, ՄԱԳԱՏԷ-ի բանաձևերը, ինչպես նաև ԱՄՆ միակողմանի (առաջնային և երկրորդային) պատժամիջոցները:
8. Միջուկային ծրագիր և ուրանի «նոսրացում».
Իրանը վերահաստատում է, որ չի զարգացնի միջուկային զենք: Կողմերը պայմանավորվել են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո տեղում նոսրացնել հարստացված ուրանի պաշարները:
9. Ստատուս քվոյի պահպանում.
Մինչև վերջնական համաձայնագրի կնքումը՝ կողմերը պահպանում են ստատուս քվոն։ Իրանը պահպանում է իր միջուկային ծրագրի ներկա վիճակը, իսկ ԱՄՆ-ը չի սահմանում նոր պատժամիջոցներ և տարածաշրջան չի ուղարկում լրացուցիչ զորքեր։
10. Նավթային արտոնությունների անհապաղ տրամադրում.
Հուշագրի ստորագրումից անմիջապես հետո ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը կտրամադրի բացառություններ՝ իրանական հում նավթի, նավթամթերքների արտահանման և հարակից ծառայությունների (բանկային, ապահովագրական) համար։
11. Սառեցված ակտիվների վերադարձ.
ԱՄՆ-ը պարտավորվում է լիովին հասանելի դարձնել Իրանի սառեցված ակտիվները: Այդ միջոցները լիարժեք հասանելի կդառնան վճարումների համար՝ ուղիղ Իրանի Կենտրոնական բանկի տրամադրության տակ:
12. Վերահսկողական մեխանիզմ.
Կստեղծվի գործադիր մեխանիզմ՝ հուշագրի հաջող իրականացումը վերահսկելու համար։
13. «Կանխավճարի» սկզբունքը.
Վերջնական գործարքի շուրջ (մնացած կետերով) բանակցությունները կսկսվեն բացառապես այն բանից հետո, երբ գործնականում կսկսեն գործել 1-ին, 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ կետերը (զինադադար, էմբարգոյի վերացում, նավթի ազատ արտահանում և փողերի վերադարձ)։
14. Միջազգային երաշխիք.
Վերջնական գործարքը կվավերացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (UNSC) պարտադիր կատարման ենթակա բանաձևով:
Փակագիծ տելեգրամյան ալիք

