Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարծիք է հայտնել, որ 3+3 ձևաչափը շատ կարևոր մեխանիզմ է Հարավային Կովկասի երկրների և Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության խորացման համար։
Հաքան Ֆիդանն այդ մասին ասել է Turkiye թերթին տված հարցազրույցում։
«Սա շատ կարևոր մեխանիզմ է Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացման համար: Որպես տարածաշրջանի երկրներ՝ մենք պետք է համագործակցությունը գերադասենք մրցակցությունից և գերիշխանության ձգտումից: Մենք տեսնում ենք, որ այս փոխըմբռնումը որոշակի կետի է հասնում Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների համատեքստում: Նույն հեռանկարով մենք կարող ենք ամրապնդել մեր տնտեսությունները և մեծացնել կայունությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի: Խաղաղությունը, անդորրը և կայունությունը բոլորի օգտին կլինեն: Մենք պետք է փոխենք մեր փոխըմբռնումը: 3+3 բանաձևը կծառայի Կովկասում նշանակալի համագործակցություն իրականացնելուն: Իհարկե, կան խոչընդոտներ: Որոշ երկրների միջև փոխադարձ անվստահությունը հասել է լուրջ մակարդակի: Մյուս կողմից, կա նաև ընդհանուր ձգտում»,- ասել է Ֆիդանը։
«3+3 խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։ 2024 թվականի հոկտեմբերին էլ Ստամբուլում 3+3 ձևաչափի շրջանակներում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

