Պատերազմն ավարտելու համար Թրամփը համաձայնել է ուժեղացնել ՌԴ-ի վրա ճնշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ուկրաինային և ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը՝ պատերազմին վերջ տալու համար, սակայն դրա դիմաց եվրոպական դաշնակիցներից պահանջել է օգնել Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում։ Այս մասին «Politico» պարբերականին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Նրանց փոխանցմամբ՝ Սպիտակ տան ղեկավարն այս մասին խոսել է «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակում անցկացված փակ բանակցությունների ժամանակ։ «Մեծ յոթնյակի» առաջնորդները հասկացնել են տվել, որ չեն հրաժարվում նեղուցի մաքրմանն աջակցելուց, սակայն դրա համար որոշակի պայմաններ են անհրաժեշտ։ Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, պարբերականի զրուցակիցների տվյալներով, ընդգծել է, որ ականազերծող նավեր ուղարկելը հնարավոր է միայն ԱՄՆ-ի պաշտոնական հարցման և գործընթացում ներգրավված մյուս կողմերի, հատկապես՝ Իրանի ու Օմանի համաձայնության դեպքում։
Չնայած այս հարցում համաձայնություն ձեռք չի բերվել, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Թրամփի հետ բանակցություններից հետո «լավատեսություն» է հայտնել։ Ինչպես նշում է «Politico»-ն, մինչ այդ եվրոպացի առաջնորդները մտահոգված են եղել, որ Սպիտակ տան ղեկավարը կարող է ստիպել Ուկրաինային գնալ տարածքային զիջումների։ Այս մտավախություններն էլ ավելի են սրվել Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազրույցից հետո։ Սակայն ամերիկյան առաջնորդն անսպասելիորեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է կրկին խիստ պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթային հատվածի նկատմամբ։ «Ռուսաստանը պետք է համաձայնագիր կնքի»,- ընդգծել է Թրամփը։
Դրանից հետո G7-ի առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտնելով նավթագազային ոլորտի պատժամիջոցների միջոցով Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու մտադրության մասին։ Փաստաթղթում նշվում է, որ սահմանափակումների խստացման համար հիմա բարենպաստ պահ է, քանի որ ԱՄՆ-ն Իրանի հետ համաձայնության է եկել Հորմուզի նեղուցը բացելու շուրջ։
«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները նաև պայմանավորվել են մեծացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի, հակահրթիռների և հեռահար սպառազինության մատակարարումները։ Բացի այդ, կդիտարկվի Կիևին ուկրաինական տարածքում դրանց արտադրության լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը։ G7-ի երկրները նաև պայմանավորվել են գալիք ձմռանն ընդառաջ ամրապնդել Ուկրաինայի էներգետիկ դիմակայունությունը։

