Իսրայելում հնարավոր են քաղաքացիական ավիացիայի աշխատանքի լուրջ խափանումներ՝ երկրի տարածքում ամերիկյան լիցքավորող ինքնաթիռների տեղակայման պատճառով
Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը վարչապետ Բենիամին Նեթանյահուին նախազգուշացրել է քաղաքացիական ավիացիայի աշխատանքի հնարավոր լուրջ խափանումների մասին՝ երկրի տարածքում ամերիկյան լիցքավորող ինքնաթիռների տեղակայման պատճառով։
Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը, կառավարությանը հասցեագրված նամակում Ռեգևը նշել է, որ ամառային զբոսաշրջային սեզոնի մեկնարկին կարող է չեղարկվել մինչև 2,4 մլն ավիատոմս։
Ըստ նրա, որոշումը պետք է ընդունվի մինչև երեքշաբթի, քանի որ դրանից հետո ավիաընկերությունները ստիպված կլինեն ուղևորներին տեղեկացնել չվերթների չեղարկման մասին։ Նախարարը նշել է, որ իրավիճակը կարող է լուրջ վնաս հասցնել Իսրայելի տնտեսությանը։ «Սա միլիարդավոր շեքելների ուղղակի տնտեսական վնաս է ավիաընկերությունների, զբոսաշրջության ոլորտի և տնտեսության համար», — ասվում է Ռեգևի նամակում։
Ռեգևը նշել է, որ չվերթների զանգվածային չեղարկումը կարող է նաև բացասաբար անդրադառնալ հասարակական տրամադրությունների և քաղաքացիական հատվածի կայունության վրա։ Ներկայացված տվյալների համաձայն, ներկայումս մոտ 72 ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ տեղակայված է Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան օդանավակայանում՝ զբաղեցնելով օդանավերի համար հասանելի կայանատեղիների ավելի քան կեսը։ Եվս մոտ 26 նման ինքնաթիռ գտնվում է երկրի հարավում գտնվող Ռամոն միջազգային օդանավակայանում, որտեղ, ըստ նախարարի, զբաղված է կայանման տեղերի մոտ 90%-ը։
Միաժամանակ Ռեգևը նշել է, որ ամերիկյան ինքնաթիռները տեղակայված չեն Իսրայելի ռազմական ավիաբազաներից և ոչ մեկում։ Որպես հրատապ միջոց նախարարն առաջարկել է առնվազն 30 լիցքավորող ինքնաթիռ վերատեղակայել կամ ռազմական օբյեկտներ, կամ երկրի սահմաններից դուրս։
Իսրայելցի պաշտոնյաներից մեկը CNN-ին հայտնել է, որ իշխանությունները բարձր են գնահատում ԱՄՆ աջակցությունը, սակայն անհրաժեշտ են համարում ավելի հավասարաչափ բաշխել ենթակառուցվածքների վրա ընկնող բեռը։ «Մենք շատ երախտապարտ ենք ամերիկացիներին և ցանկանում ենք, որ նրանք մնան այստեղ։
Մենք պարզապես ցանկանում ենք այս բեռը բաշխել ամբողջ երկրով մեկ», — ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։

