Չինաստանից Ղրղզստան, ապա՝ Ադրբեջան
Դեպի ծով ելք չունեցող Ղրղզստանն իրականացնում է ենթակառուցվածքային խոշոր նախագիծ, որը նրան հասանելիություն կապահովի դեպի Կասպից և Սև ծովեր։
Կենտրոնական Ասիայի լրատվամիջոցները հայտնում են, որ հունիսի 12-ին Բիշքեկի նորաբաց «Ընթիմաք Օրդո» պալատական համալիրում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի միջև կայացած բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությունը Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթգծի կառուցման հարցում և Վրաստանի դերը Տրանսկասպյան տրանսպորտային երթուղում։
Ըստ ԶԼՄ-ների՝ մինչ ռուս-ուկրաինական պատերազմը Չինաստանից Եվրոպա բեռները երկաթուղով փոխադրվում էին Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի տարածքով։ Պատերազմի մեկնարկից ի վեր առաջատար լոգիստիկ ընկերությունները դադարեցրել են ռուսական տարածքի օգտագործումը տարանցման համար։
Հաշվի առնելով Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների համար Ռուսաստանը շրջանցող «Միջին միջանցքի» աճող ռազմավարական կարևորությունը՝ կենտրոնասիական երկու հանրապետությունները համաձայնության են եկել Չինաստանի հետ երկաթուղային կապ հաստատելու շուրջ։

