«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով
Քիչ առաջ «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում «Մեծ բանավեճ» հաղորդման շրջանակներում, որի ժամանակ բանավիճում էին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի առաջին համարի թեկնածուները, մասնակիցներից մի քանիսը ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին հարցրել էին, թե ինչու իշխանությունները չեն չեղարկում «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող հաղորդագրությունները դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի դիմում մուտք արվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն ինքը նման բան չի անելու, քանի որ այդ դեպքում կսկսեն իշխանություններին մեղադրել «պարտվելուց վախենալու» մեջ։ Փաշինյանը քննարկման մասնակիցներին հորդորել էր, որ նրանք դիմեն ԿԸՀ, եթե դրա կարիքը տեսնում են։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը չեղարկելու հարցով։



