Թրամփը հրամանագիր է ստորագրել արհեստական բանականության վերահսկման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել արհեստական բանականության (ԱԲ) նոր մոդելների ստուգման մասին՝ ազգային անվտանգության համար ռիսկերի պատճառով, չնայած երկու շաբաթ առաջ հրաժարվել էր հավանություն տալ այդ փաստաթղթին։ Հրամանագիրը հրապարակել է Սպիտակ տունը։
Ըստ հրամանագրի տեքստի՝ արհեստական բանականության առաջավոր մոդելները «կրում են ազգային անվտանգության նոր ռիսկեր», ուստի իշխանության մարմինները 30 օրվա ընթացքում պետք է գնահատեն այդ տեխնոլոգիաները պետության համար վտանգի տեսանկյունից։ Բացի այդ, հրամանագիրը նախատեսում է ստեղծել հատուկ մարմին, որը պատասխանատու լինի արհեստական բանականության ոլորտում կիբերանվտանգության համար։
Ինչպես նշում է The Associated Press գործակալությունը, պարզ չէ, թե որքանով է նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը տարբերվում փաստաթղթի նախորդ տարբերակից։ Փորձագետներից մեկի կարծիքով՝ Ազգային անվտանգության գործակալությանն ԱԲ վերահսկողության լիազորությունների տրամադրումն ստեղծում է «վտանգավոր նախադեպ», որն իշխանություններին թույլ կտա օգտագործել հրամանագիրը որպես զենք այն ընկերությունների դեմ, որոնց հետ կան տարաձայնություններ, ինչպիսին է Anthropic-ը, որն ստեղծել է Claude չաթբոտը։
Գործակալությունը նշում է, որ արհեստական բանականության դեմ նոր քաղաքականություն մշակելու ծրագրերն ի հայտ են եկել Anthropic-ի կողմից արհեստական բանականության նոր մոդելի՝ Mythos-ի ստեղծումից հետո, որը մասնագիտացած է կիբերհարձակումների և թվային ենթակառուցվածքներում խոցելիությունների հայտնաբերման բնագավառում։
Մայիսի 22-ին The Washington Post թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ ղեկավարը հրաժարվել է ստորագրել արհեստական բանականության վերաբերյալ երկար սպասված հրամանագիրը՝ ԱՄՆ-ում ճյուղի ղեկավարների կողմից այդ տեխնոլոգիայի զարգացման համար դրա հնարավոր բացասական հետևանքների մասին նախազգուշացումներից հետո: Միջոցառումից մի քանի ժամ առաջ, երբ Սիլիկոնյան հովտի որոշ ներկայացուցիչներ արդեն ուղևորվել էին Վաշինգտոն՝ ստորագրման արարողությանը, Թրամփն Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին հայտնել էր, որ չեղյալ է հայտարարում այն:
Նա այդ որոշումը պատճառաբանել էր այն հանգամանքով, որ իրեն «դուր չի եկել» հրամանագրի նախագիծը: ԱՄՆ նախագահի հայտարարության համաձայն՝ այն «կարող է խոչընդոտ դառնալ» արհեստական բանականության զարգացման ճանապարհին, որն առավելություններ է տալիս ամերիկյան տնտեսությանը:



