Բաժիններ՝

Ուկրաինան հարվածել է Բալթիկ ծովում Ռուսաստանի խոշորագույն նավթային տերմինալին և Տամբովի մարզի ռազմական գործարանին

Հունիսի 3-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Լենինգրադի մարզը։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Օդային գրոհը տևել է գիշերվա ժամը երկուսից մինչև առավոտյան յոթը։ Դրոզդենկոյի տվյալներով՝ այդ ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է 50 դրոն։ Օդային հարձակման հետևանքների մասին նահանգապետը ոչինչ չի հայտնել։

Ինչպես գրում է տեղական «Բումագա» պարբերականը, պայթյունների ձայներ են լսվել Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյսկի, Վասիլեոստրովսկի, Պրիմորսկի և Կրասնոսելսկի շրջաններում։ Կիրովսկի շրջանում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել «Պետերբուրգի նավթային տերմինալում», որը Բալթիկ ծովում Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման համալիրն է։ Այն տարեկան 12,5 միլիոն տոննա թողունակություն ունի և ներառում է նավթամթերքի պահպանման 21 ջրամբար։ Այս ձեռնարկությունը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի անվտանգության ապահովման գործում։

Տերմինալի վրա հարձակումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի բացման օրը, որն անցկացվելու է հունիսի 3-ից 6-ը։ Ֆորումին սպասվում է Վլադիմիր Պուտինի ելույթը։ «Էքսպոֆորում» համալիրը, որտեղ կայանալու է միջոցառումը, գտնվում է հարվածի տակ ընկած նավթային տերմինալից ընդամենը 17 կմ հեռավորության վրա։ Դրոնների հարձակման ֆոնին «Պուլկովո» օդանավակայանում ավելի քան 29 չվերթ է հետաձգվել։

Այս գիշեր հարձակման է ենթարկվել նաև Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքը։ «Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի անկման հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենք, գրադարան և արվեստի դպրոց, որոնց պատուհանների ապակիները կոտրվել են, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկության տնտեսական շինություններ։ Տուժածներ չկան», — հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Եվգենի Պերվիշովը։

Ինչպես պարզել է Astra պարբերականը, դրոնների թիրախը եղել է «Պրոգրես» գործարանը, որը սարքավորումներ է արտադրում ավիացիոն և հրթիռային տեխնիկայի կառավարման համակարգերի համար։ Այս ձեռնարկությունն արդեն հարձակման էր ենթարկվել ընթացիկ տարվա փետրվարին, ինչպես նաև 2025 թվականի հունիսին և 2024 թվականի դեկտեմբերին։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր Ռուսաստանի տարածքում խոցվել է 354 անօդաչու թռչող սարք։ Ընդհանուր առմամբ, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը դրոններ են որսացել 16 տարածաշրջաններում, այդ թվում՝ Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Ռոստովի, Տուլայի և Մոսկվայի մարզերում։ Հունիսի 2-ի երեկոյան «Ռոսավիացիան» սահմանափակել էր Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանների, ինչպես նաև Կալուգայի, Սարատովի, Նիժնի Նովգորոդի, Յարոսլավլի և Պսկովի օդային հանգույցների աշխատանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930