ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ինքնապաշտպանական հարվածներ է հասցրել Իրանին և խոցել բալիստիկ հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել էին նավերի և Պարսից ծոցի երկրների դեմ։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը մի քանի հաղորդագրություն է հրապարակել՝ կապված հարվածների հետ։
«ԱՄՆ ուժերը հաջողությամբ ոչնչացրել են իրանական մի քանի բալիստիկ հրթիռ և անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել Քեշմ կղզում՝ ի պատասխան հունիսի 2-ին Իրանի կողմից Մերձավոր Արևելքում հարձակումների փորձերի», – նշված է հունիսի 3-ին CENTCOM-ի տարածած հայտարարության մեջ։
Հրամանատարությունը հաղորդում է, որ իրանական հարվածները չեն հասել թիրախներին. Քուվեյթի ուղղությամբ արձակված երկու հրթիռներն ընկել են ճանապարհին, Բահրեյնի ուղղությամբ արձակված երեք հրթիռներն անմիջապես խոցվել են ԱՄՆ-ի և Բահրեյնի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։
Նաև նշվում է, որ խոցվել են հարվածային ԱԹՍ-ները, որոնք Իրանն արձակել է «քաղաքացիական նավաստիների ուղղությամբ, որոնք օրինականորեն անցնում էին տարածաշրջանային ջրերով»
Մեկ այլ գրառման մեջ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հերքել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունն այն մասին, որ իրանական ուժերը հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածել են Բահրեյնում ամերիկյան 5-րդ նավատորմի կենտրոնակայանին և տարածաշրջանում ամերիկյան ավիաբազայի։
«Դա կեղծ է։ Իրականությունն այն է, որ ամերիկյան ուժերի դեմ բոլոր իրանական հարվածները ձախողվել են։ Ամերիկյան ուժերն աչալուրջ են և պատրաստ են պաշտպանվելու իրանական անհիմն ագրեսիայից», – նշված է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Այնուհետև CENTCOM-ը ևս մեկ հաղորդագրության մեջ հայտնել է, որ Իրանն ԱԹՍ-ների լրացուցիչ հարվածներով փորձել է հարվածել Քուվեյթում ամերիկյան ուժերին, սակայն թիրախները խոցել չի հաջողվել։ Ամերիկյան ուժերը և օբյեկտները չեն վնասվել, նշել են հրամանատարությունում։
Հունիսի 3-ի գիշերն ավելի վաղ CENTCOM-ը հայտարարել էր, որ հարվածել և շարքից հանել է չբեռնված նավթատար լցանավ, որը նավարկում էր դեպի Իրան՝ Վաշինգտոնի կողմից իրանական նավահանգիստների ծովային շրջափակման շրջանակներում, որը սկսվել է ապրիլի 13-ին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ «Հորմուզի նեղուցի անվտանգության խաթարումը ծանր գին կունենա ագրեսիվ ամերիկացի զինվորականների համար»։



