Ուրախ ենք մեր աջակցությունը հայտնել Հայաստանի՝ դեպի ավելի անկախ ապագայի տեսլականին․ Մարկո Ռուբիո
«Մենք այն հիմնարար աշխատանքներն ենք իրականացնում, որոնք հիմք կհանդիսանան, որպեսզի հայերը, ամերիկացիները կարողանան տնտեսական հիմքեր ունենալ միասին աշխատելու համար»,- այս մասին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Նա նախ շնորհակալություն հայտնեց իրեն Երևանում հյուրընկալելու համար։ «Ինձ համար հաճելի է այսօր այստեղ լինել և շարունակել առաջ տանել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի տեսլականը, այս խիզախ ուղին, որը տանում է դեպի խաղաղություն Հարավային Կովկասում, որն ամրագրվեց անցած տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Ինձ համար պատիվ էր այսօր արտգործնախարարի հետ նախաստորագրել մեր երկկողմ համաձայնագիրը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի» վերաբերյալ։ Այս համաձայնությունն ամենախոշոր քայլերից է պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ»,- ասաց Ռուբիոն՝ շարունակելով, թե սա Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհ է։
Բայց, պետքարտուղար Ռուբիոյի խոսքով, ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը չի սահմանափակվում միայն ԹՐԻՓՓ-ով։ Նա նշեց, որ շարունակում են զարգացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով։
«Մնացած բոլոր ուղղություններով ևս մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները, և մեր նախագահի 2-րդ պաշտոնավարման շրջանի ժառանգության կարևոր մասն է լինելու սա։ Մենք նաև Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները։ Եթե պարզ ասեմ, մենք այն հիմնարար աշխատանքներն ենք իրականացնում, որոնք հիմք կհանդիսանան, որպեսզի հայերը, ամերիկացիները կարողանան տնտեսական հիմքեր ունենալ միասին աշխատելու համար։
Նաև հարգում ենք ինքնիշխանությունը»,- նշեց Ռուբիոն՝ հավելելով, որ 2 երկրներն էլ առավելություններ պետք է տեսնեն իրենց հարաբերություններում, գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ կողմերը կիսում են միևնույն տեսլականը ապագայի վերաբերյալ։
Նրա խոսքով, կարող են միմյանց օգնել հասնել այդ ավելի լավ ապագային։
Ռուբիոն գտնում է, որ Փոխըմբռնման հուշագիրը հանքանյութերի մասին կրկին փոխադարձ բարեկեցությունը մեծացնելուն միտված քայլ է։ «Իմ այցերի ժամանակ շատ եմ խոսում հանքանյութերի մասին, բոլոր տեխնոլոգիաները, բոլոր նորարարությունները 21-րդ դարում անհրաժեշտ գործոն են, և դրանց մշակումը, և դրանց վերամշակումը, արդյունահանումը կարևոր է ապագա բարեկեցության համար։ Այն երկրներ, որոնք կարող են դա անել, կկարողանան տնտեսական անկախություն ձեռք բերել և կկարողանան հայտնվել նորարարությունների կենտրոնում 21-րդ դարում, իսկ նրանք, ովքեր հետ կմնան, կտուժեն դրանից։
Եվ մենք կարող ենք միասին աշխատել, որպեսզի մեր 2 երկրները, մեր 2 տնտեսությունները ունենան հուսալի հասանելիություն կարևորագույն հանքանյութերին, և սա ոչ միայն ֆինանսապես օգտակար կլինի, սա նաև կնպաստի նորարարությունների շրջափուլի ապահովմանը, որը կարևորագույն գործոն է 21-րդ դարի համար։
Եվ Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար, և մենք ուրախ ենք այստեղ մեր աջակցությունը հայտնել այս տեսլականին, այս խիզախությանը, ձեր նվիրվածությանը և պատրաստակամությանը երկրի ապագայի համար։ Եվ մենք ուրախ ենք և հպարտ ենք, որ մասնիկն ենք այս ամենի և պատրաստ ենք միասին ավելին անել»,- այսպես ավարտեց ՀՀ-ում իր հրապարակային խոսքը Մարկո Ռուբիոն։



