Հայ վարպետը՝ Արմենոպոլիս քաղաքից. ո՞վ է ակորդեոնի հեղինակը, և ինչպե՞ս է այն ստեղծվել
Հայազգի վարպետի ստեղծած երաժշտական գործիքը 197 տարեկան է։
Մայիսի 23-ին աշխարհում նշվում է Ակորդեոն նվագարանի ծննդյան օրը, սակայն քչերը գիտեն, որ աշխարհում ակորդեոնի առաջին պատենտի հեղինակը հայազգի վարպետ Կիրիլ Դեմյանն է։ Այս առիթով Հայաստանի երաժշտական ուսումնական հաստատություններում և այլ կենտրոններում հաճախ են կազմակերպվում միջոցառումներ, որտեղ ելույթ են ունենում հայ ակորդեոնահարները։ Իսկ Հայաստանն ավանդաբար ունեցել է ակորդեոնի մեծ վարպետներ, որոնք փայլել են աշխարհի տարբեր բեմերում։
Եվ այսպես, ակորդեոնի հեղինակը նվագարաններ պատրաստող հայազգի վարպետ Կիրիլ Դեմյանն է (1772–1847)։ Նա ծնվել է Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո 16-րդ դարում Ռումինիա գաղթած հայերի կողմից հիմնված Արմենոպոլիս (ներկայիս Գեռլա) քաղաքում։
Կիրիլ կամ Կյուրեղ Դեմյանը երաժշտական գործիքներ՝ դաշնամուրներ, երգեհոններ պատրաստող վարպետ էր, ուներ սեփական խանութը, որտեղ վաճառում էր այդ նվագարանների համար իր պատրաստած մասերը, ստեղնաշարային ու փողային նվագարանների առանձին մասեր: Ի դեպ, այսօր Վիեննայի Երաժշտության տանը ցուցադրվում են Կիրիլ Դեմյանի պատրաստած նմուշները:
Դեմյանը երկար տարիներ մտածում էր իր երաժշտական գործիքը ստեղծելու մասին: Նա գծագրեր էր կազմում, հաշվարկներ անում՝ ձգտելով ստեղծել կատարելագործված նվագարան, և իր որդիների՝ Կարլի ու Գվիդոնի հետ ստեղծեց ակորդեոն նվագարանը: Դեմյանի նվագարանն ուներ ընդամենը հինգ ստեղն, որոնք նախատեսված էին միայն ձախ ձեռքի համար: Ամեն մի ստեղնի համապատասխանում էր մեկ ակորդ, որից էլ ծագեց նվագարանի անունը՝ «ակորդեոն» (լատիներեն «ակկորդո» արմատից):
1829 թվականին Կիրիլ Դեմյանն ավարտեց ակորդեոն նվագարանի պատրաստման աշխատանքները։ 1829 թվականի մայիսի 6-ին այն արտոնագրվել է Վիեննայում։ Դրանից 17 օր անց՝ 1829 թվականի մայիսի 23-ին, Դեմյանի արտոնագիրը պաշտոնապես ճանաչվել է, որից հետո՝ առ այսօր, մայիսի 23-ն ամբողջ աշխարհում նշվում է՝ որպես Ակորդեոնի ծննդյան օր։
Դեմյանի ստեղծած ակորդեոնով կարելի էր նվագել պարզ մեղեդիներ՝ մեկ տոնայնության մեջ: Սակայն դա երաժշտության սիրահարներին բնավ չխանգարեց ձեռք բերել նորաստեղծ նվագարանը երաժշտական խանութներից, ակորդեոնի գործարաններից:
Ուշագրավ է, որ այսօր ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող ակորդեոնը ներառում է տարբեր նվագարանների առանձնահատկություններ. արտաքին տեսքով այն հիշեցնում է բայան նվագարանը, տեխնիկական կառուցվածքով առնչվում է շրթհարմոնի հետ, ձայնով այն առավել մոտ ու «ազգակից» է երգեհոնին, իսկ ստեղնաշարով ու հնարավորություններով մոտ է դաշնամուրին: Այն կարող է իր հնչողությամբ թողնել անսամբլի տպավորություն:
Ստեղծման օրվանից ակորդեոնը ենթարկվել է խիստ մշակման ու նորացման, ավելի ու ավելի կատարելագործվել՝ դառնալով անփոխարինելի նվագարան տարբեր տեսակի նվագախմբերում: Խորհրդային տարիներին, այդ թվում՝ Հայաստանում, ակորդեոնն առավել կիրառելի ու ընդունված է եղել ժողգործիքների անսամբլներում, սակայն պետք է ընդգծել, որ հատկապես Եվրոպայում ու ամբողջ աշխարհում ակորդեոնը գործածվում է դասական երաժշտական ստեղծագործությունների՝ Բախ, Մոցարտ, Վիվալդի, Ռոսինի, Վերդի, Բրամս, Լիստ, Շոպեն, Ռիմսկի-Կորսակով, Ռախմանինով, Շուբերտ, Շոստակովիչ, Արամ Խաչատրյան և շատ ու շատ այլ մեծանուն կոմպոզիտորների հայտնի գործերի, ինչպես և վալսային, ջազային, արգենտինական տանգոյի, ժողովրդական և այլ ժանրերի ստեղծագործությունների վերարտադրման համար։
Ակորդեոնի ի հայտ գալուց հետո Կենտրոնական Եվրոպայում մեծ ժողովրդականություն վայելող շրթհարմոնի փառքը սկսեց խամրել: Ակորդեոնը լայն ճանաչում ու ժողովրդականություն ձեռք բերեց Բրիտանական կղզիներում, իսկ 1840-ականներին՝ ԱՄՆ-ում: Ադոլֆ Մյուլլերն իր «Ակորդեոնի դպրոցը» գրքում ներկայացրեց նվագարանի տարբեր տեսակների նկարագրությունները:
Ժամանակին՝ տասնամյակներ առաջ, Հայաստանում՝ գրեթե յուրաքանչյուր ընտանիքում պարտադիր պայման էր երեխային երաժշտական դպրոց տանելը՝ որևէ գործիքի տիրապետելու նպատակով։ Այդ գործիքների շարքում իր կայուն ու հաստատուն տեղն ուներ ակորդեոնը, որը հավասարապես մրցում էր՝ ինչպես ժողովրդական գործիքների, այնպես էլ՝ առավել պոպուլյար դասական նվագարանների՝ ջութակի, դաշնամուրի, կիթառի հետ։ Ակորդեոնը յուրաքանչյուր հավաքույթի անբաժան մասն էր։ Այսօր այն զգալի չափով կորցրել է իր տարածումը ժողովրդի շրջանում։
Հայաստանում շատ չեն ակորդեոնի վարպետները, սակայն նրանք կան և մեծ հարգանք են վայելում երաժիշտների շրջանում։ Ինչպես և քիչ են բարձրակարգ և թանկարժեք ակորդեոնները, որոնցով իրենց վարպետությունն են ցուցադրել և ցուցադրում, ասենք՝ Վալերի Կովտունը, Նիկ Արիոնդոն, Ռիշար Գալիանոն, Պասկուալե Քովիելլոն, Ալեքսանդր Հրուստևիչը և այլ աշխարհահռչակ ակորդեոնիստներ։
Սակայն հայ ակորդեոնիստները նշում են այս գործիքի մեկ կարևորագույն հատկություն. շատերը ծանոթ չեն այս գործիքին, սակայն չի պատահել դեպք, որ որևէ ունկնդիր լսի ակորդեոնի կախարդական հնչյունները և չսիրահարվի նրան։ Գուցե հենց այս սե՞րը պատճառ դառնա Կիրիլ Դեմյանի նախնիների հայրենիքում ակորդեոնի նոր վերածննդի։ Ո՞վ գիտի…



