Գերմանիան Patriot հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի հարավ-արևելքում
Գերմանիան այս տարվա հունիսից վեց ամիս ժամկետով Patriot հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի հարավ-արևելքում՝ փոխարինելու ՆԱՏՕ-ի շրջանակում տարածաշրջանում արդեն տեղակայված համակարգերից մեկին։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Նախարարության հայտարարության համաձայն՝ ներկայում երկրում տեղակայված իսպանական Patriot համակարգին կավելանա նաև գերմանական համակարգը, որը կփոխարինի ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունների պատճառով ՆԱՏՕ-ի կողմից լրացուցիչ տեղակայված երկու Patriot համակարգերից մեկին։
«Փոխարինումը նախատեսվում է ավարտել հունիսին, և ակնկալվում է, որ համակարգը կգործի մոտավորապես վեց ամիս», – նշված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ համակարգը տեղակայվելու է Իրանի հետ պատերազմի ֆոնին Թուրքիայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։




