Նավրոցկին և Թրամփը քննարկել են Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայության հարցը
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայության հեռանկարները: Այս մասին հայտնել է Լեհաստանի նախագահի գրասենյակը:
«Այսօր երեկոյան՝ Մայիսի երեքի ազգային տոնի օրը (խմբ.` 1790 թվականի մայիսի 3-ի Սահմանադրության օրը Լեհաստանում), Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ…. Զրույցի կարևոր թեմաներն են դարձել այն հարցերը, որոնք կապված են Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայության հետ», – ասվում է X-ում Լեհաստանի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:
Մայիսի 2-ին Պենտագոնը կարգադրել է Գերմանիայից դուրս բերել 5000 ամերիկացի զինծառայողի: Հասարակայնության հետ կապերի հարցերով ԱՄՆ պատերազմի նախարարի օգնական Շոն Փարնելի խոսքով՝ սպասվում է, որ զորքերի դուրսբերումը կավարտվի առաջիկա 6-12 ամսվա ընթացքում:
Գերմանիայում տեղակայված է մոտավորապես 38 000 ամերիկացի զինծառայող: Դա Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի խոշորագույն զորակազմն է:
Լեհաստանում տեղակայված է ամերիկյան 10 000 զինծառայող։ Վարշավայում վերջին ժամանակներս բազմիցս ցանկություն են հայտնել մեծացնել ամերիկյան զորքերի ներկայությունը:



