Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրեն
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ իր երկիրն ու Ղազախստանը պատրաստվում են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել, որը կսահմանի երկու երկրների կարողությունները հիմնական ոլորտներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։
Նշվում է, որ Վրաստանի նախագահը հանդիպել է իր Ղազախստանի գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ապրիլի 22-ից 24-ը Աստանայում կայանալիք RES-2026 տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովի շրջանակներում։
«Մոտ ապագայում Ղազախստանն ու Վրաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որը կսահմանի երկու երկրների կարողությունները և փոխշահավետ գործընթացները բոլոր ոլորտներում», – ասել է Կավելաշվիլին։
Նա նաև նշել է, որ փաստաթուղթը ստորագրելու անհրաժեշտությունը ծագել է ավանդական բարեկամությունից, որը երկրներին կապում է առևտրի և տնտեսության տարբեր ոլորտներում։ Նրա խոսքով՝ Վրաստանի համար կարևոր է պահպանել շատ լավ հարաբերություններ Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրների հետ։
«Բացի էկոլոգիայից, դուք գիտեք, որ Միջին միջանցքի հարցը շատ գրավիչ է, հատկապես հաշվի առնելով, որ այն ավելի ու ավելի է ձեռք բերում իր գործառույթը։ Բոլորը գիտեն, որ այս գործընթացը անհնար է առանց Վրաստանի, և մենք բոլորս միաձայն համաձայն ենք դրա հետ։ Մեր երկիրն ունի շատ լավ հնարավորություններ»,-եզրափակել է Կավելաշվիլին։



