«Մենք որևէ բան չենք պարտադրում, ոչ էլ մուննաթ ենք գալիս, թող մարդ ա իր ակցիաներն անի». Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ մայիսի սկզբին Երևանում սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ինքնին շատ կարևոր քաղաքական միջոցառում է, որը բերել են նախընտրական էտապ, որը եվրոպական էլիտաների կողմից միջամտություն է ընտրական գործընթացներում։
«Այդ միջամտությունը պետք է թարս պտտեցնել։ Հնարավոր չէ, չէ՞, մեկը գա բոլորիս տուն, դուռը բացի, նստի հաց ուտի, խմի ու գնա, մի հատ էլ չհարցնի, թե ոնց եք։ Էլի կերեք, խմեք, Գառնի, Գեղարդ, սուջուխ, կոնյակ, կարկանդակ, ինչ ուզում եք՝ կերեք, կերեք միասին։ Բայց մի հատ մենք պետք է ասենք, թե մենք ոնց ենք։ Հայ ժողովուրդը մայիսի 4-ին և 5-ին այս հնարավորությունն ունի եվրոպացիներին ասելու՝ «WELCOME», մենք էլ այսպես ենք, լավ չենք իրականում, նաև ձեր պատճառով լավ չենք։ Եթե չլինի արտաքին քաղաքական աջակցությունը, այդ թվում՝ եվրոպական այսօրվա կառավարիչների կողմից Նիկոլ Փաշինյանի դիրքերն էլ ավելի թուլացած կլինեին»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա՝ ով գիտի, բայց իրեն չիմացողի տեղ է դրել, պետք է աչքերը բացել՝ կոմֆորտ զոնայից դուրս գալու համար, ով չգիտի, թող իմանա։ Արդեն 4 տարի է՝ եվրոպական համայնքի հավաքները կան, ոչ մի երկրում ընդդիմությանը չի հաջողվել իշխանություններին ծառայեցնելու այս միջոցառումները կասեցնել։
«Խնդիրն այն է, որ եվրոպական քաղաքական, տեղեկատվական ինֆորմացիոն շրջանակները պետք է այս տեսակ լրահոս ստանան այդ օրերին։ Խնդիրն այն է, որ մեր սփյուռքահայ հայրենակիցները տեղում նաև բարձրաձայնեն այս հարցերը։ Այսինքն՝ սա ցանցային ապակենտրոն պայքարի խնդիր է, այո, ընդդիմությունը, քաղաքական ուժերն ունեն իրենց անելիքները։
Եվ նորից կրկնեմ՝ մենք որևէ բան չենք պարտադրում բնականաբար, որևէ մեկի վրա մուննաթ գալու ցանկություն չունենք, ոչ էլ այդ նպատակով ենք այդ առաջարկն արել։ Մենք ենք այդ առաջարկն առաջինն արել, դեռևս շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարին դրա մասին խոսել է։
Եկեք անենք ապակենտրոն, բողոքի ու ճշմարտության ակցիաներ»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



