Շատ եմ աղոթում Դավթի համար, որ առողջանա ու իր Տուն վերադառնա՝ մաքրված սին մեղադրանքներից ու անունը պախարակող հերյուրանքներից. Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Տղամարդ էր լացում եկեղեցում: Մոմավաճառի սեղանին կռացած գրում էր Հոգեհանգստի թերթիկի վրա իր հանգուցյալների անունները, գրում էր լացում, ու արցունքները անողոք հոսում էին՝ դարավոր կնճիռնրի ակոսներում թողնելով ցավի ու աղի հետքերը…

Եկեղեցում՝ հոգեհանգստի կարգի ժամանակ էնքան ծանոթ մարդու անուն լսեցի, էնքան ԾԱՆՈԹ անուն լսեցի, որ յուրաքանչյուրն ի ազգի մեջ ունի հաստատ, էնքան հարազատ ԱԶԳանուն…

Սուր ծակեց միտքը, որ մենք՝ հայերս, մի մեծ ընտանիք ենք, ու, եթե մեկը «հիվանդանում» է, ապա հիվանդանում ենք ԲՈԼՈՐՍ, որքան էլ փորձեն աչք փակել, անհասուն լինել, չգիտակցել, կամ մտածված խեղաթյուրել: Ազդվում է յուրաքնչյուրը՝ իր ապրածի ու գիտակցության չափով:

Տղամարդու արցունքները շատ են ազդում, սովոր չենք:

Իսկ Մայրերի՞նը…. շատ վատ է, երբ Մայրամեծար երկրում, կանանց միամասյակի ընթացքին տխրագույն իրողություններ են տեղի ունենում:

Ճրագալույցի Պատարագին, հաջորդ առավոտ Հարության Սուրբ պատարագին ու Ավետիսին, այսօր՝ մեռելոցին ու բոլոր օրերին ԱՂՈԹՈւՄ ԵՄ Գայանեի համար, որը Մայր է, քաղաքացի է ու ՄԱՐԴ , որի որդին՝ Դավիթ Մինասյանը, առողջության հետ անհամատեղելի՝ կալանավորվել էր, եկեղեցում՝ Պատարագի ընթացքում իր պարզ, մարդկային արժանապատվությունը պահելու համար:

Խոսում ենք 18-ամյա դպրոցականի մասին, որն իր Հավատքի զինվորն է նաև,

որի արցունքն ու ցավը չենք տեսնում, իր՝ վերականդանացման բաժնում վիճակի մասին տեղյակ էլ չենք, բայց հաստատ հոգում նույն ակոսներն են, որոնցով հոսում են մեզ համար անտեսանելի՝ ցավի արցունքները:

Շատ եմ աղոթում Դավթի համար, որ կազդուրվի, որ առողջանա ու ամրանա, ու իր Տուն վերադառնա՝ արդարացված ու մաքրված՝ սին մեղադրանքներից ու անունը պախարակող հերյուրանքներից:

Աղոթում եմ Գայանեի համար, ում չեմ էլ ճանաչում, բայց սրտանց երազում եմ, որ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին իր երկու որդիները լինեն կողքին՝ տանը,

որ կիսադատարկ կենացների փոխարեն, մեր հասարակությունը իսկապես լինի նրա կողքին՝ ԼԻՔԸ ՍՐՏՈՎ, պայծառ մտքով ու դատողությամբ, ոչ թե դիտողությամբ ու մեղադրանքով:

Աղոթում եմ, որ դատավորների միտքը պարզվի, ու պահեն արդարադատության ազնիվ ու փխրուն կշեռքը, որ կյանքի հավասարակշռությունն էսքան չկնճռոտվի, ու մայրամեծար հայությունը չդառնա մայրակործան հանրություն…

 

Հա մտքիս է Դավիթը. եկեղեցում, իր հավատքի ճանապարհով գնացող, բուժում փնտրող Որդին, որին դարձնում են մեղսավոր միայն նրա համար, որ ՉԻ ԼՌԵԼ:

Դավիթ Մինասյանը կարող էր իմ որդին լինել,

ձերը, մյուսինը….

Ես դեռ հավատում եմ մեր հանրության ԱՌՈՂՋ սրտին( գոնե մի մասի), հավատում եմ արդարությանն ու մեծապես հավատում եմ ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈւԹՅԱՆԸ:

Այսօր ինչ՞ ենք հնձում, որ վաղն ի՞նչ ցանենք…

Աստվածամոր անցած ցավն ու մեզ ներելը սարսափելիորեն իմաստազրկվում է, եթե մենք էդ օրինակով չենք ապրում:

Թող Աստված համբերություն տա Մինասյանների ընտանիքին ու սթափ միտք՝ դատավարության գործող անձանց:

Մի տղամարդ էր լալիս եկեղեցում. ծնկած, բոլոր մեղավորների համար…

…մի դպրոցական՝ վերակենդանացման բաժնում…

Մայրը՝ Եկեղեցու գետինը գրկած…

….Տիրամայրը՝ Խաչյալ որդու ոտքերի մոտ…

իսկ մե՞նք….»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930