Պատերազմի մասին Փաշինյանի հայտարարությունը բլեֆ է. Ադրբեջանը կներքաշվի Իրանի և Իսրայելի միջև հակամարտության մեջ. Խոսրով Հարությունյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են արդիական քաղաքական և պատմական հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հունիսյան խորհրդարանական ընտրություններում իր պարտության դեպքում սեպտեմբերին հնարավոր է նոր կործանարար պատերազմ Ադրբեջանի հետ:

Առանձնակի ուշադրություն է դարձվել Անկախության հռչակագրի հարցին և դրա մեկնաբանմանը՝ որպես ցեղասպանության կանխարգելման գործիքի, այլ ոչ թե տարածքային պահանջի:
Քննարկման շրջանակներում բարձրացվել է նաև հետևյալ հարցը. արդյո՞ք Հռչակագրից հրաժարվելը կարելի է դիտարկել՝ որպես Իլհամ Ալիևի դիրքորոշման փաստացի ընդունում:
Առանցքային տեղ է զբաղեցրել 1980-ականների վերջի պատմական հետահայացը. քննարկվել է՝ արդյոք այն ժամանակ Արցախի կարգավիճակի հարցը տարածքի՞, թե՞ գոյատևման խնդիր էր:
Բացի այդ, դիտարկվել է Նախիջևանի հետ ժամանակակից համեմատությունների տեղին լինելը՝ որպես «ժողովրդագրության միջոցով կորստի» օրինակ, ինչպես նաև քննարկվել է՝ արդյո՞ք կարելի է Սումգայիթի ջարդերը համարել վերամիավորման մասին որոշումների կայացման հիմնական շարժառիթ:

Արծարծվել են տարածաշրջանային հաղորդակցությունների հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապը, ինչպես նաև տրանսպորտային կապերի զարգացման հնարավոր այլընտրանքային երթուղիներն ու մոտեցումները:
Հայկ Դերզյան



