ՇՈԿԱՅԻՆ ԷՐ… ՊԱՏԱՍԽԱՆ ՊԻՏԻ ՏԱՆ՝ ՔՆՆԻՉԻՑ՝ ՄԻՆՉԵՎ ՓԱՇԻՆՅԱՆ. ԼԻԴՅԱ ՄԱՆԹԱՇՅԱՆ

168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Սրբազան պայքարի» անդամ Լիդյա Մանթաշյանն է։ Լիդյան հնգամսյա կալանքից ազատվել է նախորդ տարի նոյեմբերին. պայքարի գործով միակ կին մեղադրյալն է։

Զրույցի սկզբում անդրադառնալով տեղեկատվական հերթական բացասական առիթին՝ փաստին, որ քննիչն արգելել է Վեհափառ Հայրապետին մասնակցել Վրաց պատրիարքի հուղարկավորության արարողություններին, Լիդյան նշեց․

«Գիտե՞ք, երբ Բագրատ սրբազանը չի համաձայնվում միջանկյալ որևէ խափանման միջոցի, պատճառներից մեկն էլ այն է, որ վիրավորական է, երբ նրան կարող է արգելեն երկրից դուրս գալ։

Կարդացեք նաև

Ի՞նչն է պատճառը, որ Վեհափառին թույլ չեն տալիս երկրից դուրս գալ, ի՞նչ կարող է լինել․ իրենց թվում է՝ Հայոց Վեհափառը կարող է փախչե՞լ Հայաստանից, հետ չվերադառնա՞լ։ Դրանից ավելի վիրավորական բան մեր ազգի համար չի կարող լինել, որովհետև Հայոց Վեհափառը մեր ամբողջական ազգի, հայ ազգի, ամբողջ աշխարհի 10 միլիոն հայերի առաջնորդն է։

Ուղղակի հերթական անգամ եկեղեցուն, Վեհափառին ճնշելու միջոց է զուտ, որ ցույց տան՝ տեսեք, մենք կարող ենք այսինչ բանն անել։ Դեռևս կարող եք անել, հետո կտեսնենք՝ կկարողանա՞ք, թե՞ չէ։ Պատասխան պիտի տան բոլորը դրա համար՝ սկսած քննիչից՝ մինչև գերագույն գլխավոր հրամանատար»։

Խոսելով Վեհափառին կալանավորելու մասին հնչող տեսակետներից՝ Սրբազան պայքարի մասնակիցը նկատեց, որ իշխանություններն ընդունակ են դրան։

«Հիմա ուղղակի նախընտրական քարոզարշավով են տարված, բայց իրենք ընդունակ են նաև ձերբակալել Ամենայն Հայոց Վեհափառին, բայց կարծում եմ, Վեհափառը պատրաստ է նաև դրան, քանի որ իր ուխտը եղել է անձնազոհությունը (ցանկացած կուսակրոն հոգևորական մահապարտ է, իր անձը ուրանում է և մտնում է այդ ճանապարհի մեջ)․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մի աստիճան էլ բարձր է, ամբողջ հայ ազգի առաջնորդն է, որն ուրանալով իր սեփական ցանկությունները, իր սեփական կյանքը՝ մտել է ճանապարհի մեջ։

Ամենայն Հայոց կաթողիկոսները եղել են անձնազոհ անձինք. նա պատրաստ է դրան, պատրաստ է գնալ նաև բանտ, բայց որտեղ եղավ Ամենայն Հայոց կաթողիկոսը, այդտեղ էլ կլինի կաթողիկոսի գահ։ Թեկուզ՝ բանտում»,- հավելեց նա։

Մեր զրուցակիցը զարմանքով անդրադարձավ «Սրբազան պայքարի» ծնունդն իրեն վերագրող պայքարի նախկին անդամներից մեկի՝ Սուրեն Պետրոսյանի փորձին, ինչպես նաև նրա այն հայտարարությանը, որով չէր կողմնորոշվում՝ Սրբազանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ։

«Այդքան ժամանակ, որ շփվել ես Բագրատ սրբազանի հետ, չե՞ս հասկացել, որ ինքն այդ արժեքները կրող անձ չի ու չի կարող ահաբեկչություն կազմակերպել»,- ասաց Լիդյա Մանթաշյանը։

Ինչո՞ւ է սրբազանը շարունակում մնալ անազատության մեջ մինչ այս պահը, ըստ ձեզ, ի՞նչ խնդիր են լուծում՝ հարցադրումներին ի պատասխան՝ Սրբազանին 10 տարուց ավել ճանաչող, նրա առաջնորդած պայքարի մասնակից Լիդյա Մանթաշյանը պատասխանեց․

«Բագրատ սրբազանի այնտեղ լինելն իրենց պետք է, որովհետև Բագրատ սրբազանը, ի տարբերություն մնացած ձերբակալված հոգևորականների, նաև քաղաքական որոշակի գործունեություն էր ծավալում՝ փողոցային պայքար էր կազմակերպում, որը, թեև խորքում ազգային-ազատագրական էր, բայց քաղաքական կոմպոնենտ է իր մեջ պարունակում։ Ու նաև՝ Բագրատ սրբազանն իր տեղում հանգիստ նստողներից չի, Բագրատ սրբազանն ազգային որևէ խնդրի վերաբերյալ հանգիստ արձագանքողներից չի, ու նաև տեսել են, որ նա ունի հնարավորություն, որ կարող է մարդկանց կոնսոլիդացնել․ ամենաշատ մարդ հավաքած գործիչը 2020 թվականից հետո եղած բոլոր պայքարների ընթացքում եղել է Բագրատ սրբազանը»։

Ո՞րն էր ֆենոմենը՝ մեր հստակեցնող հարցին Լիդյան արձագանքեց․ «Ինձ թվում է՝ ազնվությունը, և այն, որ խնդիրը շատ-շատ շոշափելի էր»։

Դիտարկմանը, որ իշխանությունները վստահեցնում են՝ Տավուշի մասին անհանգստությունները, մտահոգություններն ավելորդ են եղել, որ փոքրիկ արշավներ են կազմակերպում դեպի Կիրանցի, այսպես կոչված, խաղաղության պատը, և ասում են՝ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվել է և ներկայացվում է, «Տավուշը հանուն հայրենիքի» անունով ծնված Սրբազան պայքարի ակտիվիստն արձագանքեց․

«Եթե մենք ապրեինք այնպիսի հարևան պետության հետ, որը հրաժարված լիներ Հայաստանի նկատմամբ իր նկրտումներից, Հայաստանը չանվաներ «Արևմտյան Ադրբեջան», հայերի նկատմամբ ատելություն չսերմաներ, մենք կասենք՝ դե լավ, պատը սարքեցին, նորմալ ապրում են, իրար հետ խաղաղ կապրենք, բայց մենք տեսնում ենք՝ էնտեղ ինչ է կատարվում։ Իշխանությունն էլ է տեսնում՝ էնտեղ ի՞նչ է կատարվում, ի՞նչ են անելու ադրբեջանցիները․ իրենց համար շահավետ բոլոր դիրքերը վերցնելու են, հետո կտեսնենք՝ իրենք էդ պատից այս կողմ կանցնե՞ն, թե՞ չեն անցնի, խաղաղ կապրե՞ն, թե՞ չեն ապրի, կարո՞ղ է մի օր, ոնց որ Բաքվում եղավ, ասենք, գիշերը մտնեն մարդկանց տները… կամ Սումգայիթում ինչ որ կատարվեց։

Մենք հասկանում ենք, որ նույնիսկ այսօրվա ադրբեջանցին նույնը չի, ինչ որ 88 թվականի ադրբեջանցին, նրանք այսօր ավելի են դաժանացել»։

Խոսելով պայքարի, բանտախուց գնալու, 5 ամսյա կալանքի մասին՝ «ահաբեկչի» որակում ստացած ակտիվիստն ասաց․

«Ինձ որ տարան բանտ, անցակետում գտնվող անձինք, ովքեր հեռուստացույց, հեռախոս ունեն ձեռքները, իրենք գիտեին՝ ինչ գործով ենք․ ասացին՝ էս հասաք տե՞ղ, ուղեկցողն ասաց՝ ձեզ զանգել-ասել են, որ գալի՞ս ենք, ասաց՝ չէ, լուրերն էինք նայում։

Շատ շոկային էր ինձ համար, խիստ կանգնած համազգեստով մարդիկ, կանայք, բնականաբար, բժիշկն էլ իրենց հետ, բուժքույրը խուզարկում են քեզ, որ ընդունեն ներս։

6 օր միայնակ եմ եղել խցում։ Ընդ որում, այդ հոդվածով միայն ես էի այնտեղ։ Նույնիսկ աշխատողներ կային, որ կատակ էին անում, ասում էին՝ զգույշ եղեք իրենից, ինքն ահաբեկիչ է։

6 օր անց արդեն 3 հոգով էինք, ես էի և թմրանյութի գործով 2 հոգի, հետո մեկը գնաց, իր փոխարեն եկավ փաստաբան, որ շատ հաճելի էր ինձ համար, բայց մեծ դժբախտություն՝ իր ու ընտանիքի համար (Փառք Աստծո, hիմա ազատության մեջ է)»։

Իր տեսլականի մասին մեր զրուցակիցը խոսեց սպասվող քաղաքական գործընթացների ծիրում՝ անհրաժեշտ համարելով փողոցային պայքարի դերակատարումը։

«Այսօր, այս պահին փողոցային պայքարի հնարավորություն ես չեմ տեսնում, ցավոք սրտի, եթե ինչ-որ ճնշումներ շատանան, տեսնում եմ, որ հնարավոր է՝ լինի։ Ու, ի դժբախտություն ձեզ, ինձ թվում է՝ հաջորդ թիրախը լինելու են լրատվականները և փաստաբան-իրավաբաններ-իրավապաշտպանների ոլորտը։

Մենք պետք է պատրաստ լինենք դրան, և բոլոր քաղաքական ուժերին, խնդրում եմ, հնարավորության սահմաններում նաև փողոցային պայքարի մասին չմոռանան, որովհետև դա շատ լավ գործիք է այս իշխանություններին հեռացնելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031