ԱՀԾ-ն ուզում է դուրս գալ ԱԱԾ-ի «հովանուց» և գաղտնալսումներն ինքնուրույն իրականացնել
Կառավարությունն այսօր, ի թիվս չզեկուցվող 29 այլ հարցերի, հավանություն տվեց նաև «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։ Հեղինակն Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանն է։
Առաջարկվող փոփոխությունների թվում ԱՀԾ պետը նշել էր «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ ի մասնավորի նկատելով․ «ՕՀԳ օրենքի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունի նաև Ծառայությունը։
Ի թիվս մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումների, Ծառայությունն իրավունք ունի իրականացնել նաև թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում միջոցառումը։
Նախագծով առաջարկվում է ՕՀԳ օրենքով թույլատրելի դարձնել Ծառայության կողմից թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման օպերատիվ-հետախուզական միջոցառման ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով՝ ինչը հնարավորություն կտա ապահովել միջոցառման օպերատիվությունը և ծառայության արդյունավետությունը»։
Նպատակը, ինչպես ասվում է, օրենքով հստակ կարգավորել Ծառայության կողմից թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման ՕՀՄ-ի (օպերատիվ-հետախուզական միջոցառումներ) ինքնուրույն իրականացումը՝ սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով։
«Նախագծի ընդունումն, ըստ էության, հնարավորություն կտա խնայել ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու և տեխնիկական աջակցություն ստանալու ու այլ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը և հնարավորություն կտա օպերատիվ-հետախուզական գաղտնի միջոցառումն իրականացնել առավել արդյունավետ և սեղմ ժամկետներում»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։
Մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է Ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց ըստ պաշտոնների հատկացնել ոչ թե կոչումներ, այլ՝ դասային աստիճաններ՝ բացառելով զինվորական ծառայության հետ նույնացումն ու դրանից բխող երկիմաստությունները։
Այս փաթեթով, առհասարակ, ԱՀԾ-ն ակնկալում է կարգավորել օրենքում տեղ գտած բացերը, բացահայտված խնդիրներին տալ իրավական կարգավորում և բացառել գործնականում առաջացող կամ հնարավոր համարվող խնդիրները և ապահովել Ծառայության գործառույթների պատշաճ իրականացումը։
Ասվում է, որ նախագիծը հանգեցնելու է ՀՀ պետական բյուջեում ծախսերի ավելացման, որն ըստ իրագործման կպլանավորվի Ծառայությանը հատկացվելիք տարեկան պետական բյուջեի շրջանակներում։
«Նախագիծը բխում է Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունից, որի տեսլականներից մեկն աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկն ունենալն է»,- վստահեցվում է նախագծով։
ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 19-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որոնցից 29-ը՝ չզեկուցվող, 7-ը՝ գաղտնի, 3-ը՝ զեկուցվող։



