Մեքսիկայի ռազմածովային ուժերի ինքնաթիռն աղետի է ենթարկվել Տեխասում վայրէջք կատարելիս
Մեքսիկայի ռազմածովային ուժերի ինքնաթիռն աղետի է ենթարկվել ԱՄՆ Տեխասի նահանգի Գալվեստոն քաղաքի շրջանում վայրէջք կատարելու ժամանակ: Հինգ մարդ զոհվել է։ Այս մասին հաղորդել են ԱՄՆ ռազմածովային ուժերից։
Միջադեպը տեղի է ունեցել Michou y Mau բարեգործական հիմնադրամի հետ համակարգված բժշկական տարհանման հումանիտար առաքելություն իրականացնելիս։
«Մեր օդանավը, որը Michou y Mau հիմնադրամի հետ համակարգված բժշկական աջակցության առաքելություն էր իրականացնում, վթարի է ենթարկվել Տեխասի նահանգի Գալվեստոն քաղաքի մերձակայքում վայրէջք կատարելու ժամանակ», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցցանցում։
Մեքսիկայի պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ վթարից հետո ակտիվացել են որոնողափրկարարական աշխատանքները՝ ամերիկյան արտակարգ ծառայությունների հետ համագործակցությամբ։
CNN հեռուստաալիքն իր հերթին հաղորդում է, որ ինքնաթիռում եղել է ութ մարդ՝ չորս զինվորական և 4 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեխա, որն այրվածքների պատճառով շտապ բուժօգնության կարիք ուներ։ Ինքնաթիռը ռազմական բժշկական չվերթ էր իրականացնում և օդանավակայանին էր մոտենում թանձր մառախուղի պայմաններում։ ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության տվյալներով՝ հինգ զոհերի թվում է նաև 2 տարեկան երեխան։
