«Հիմա որ ասեն՝ մանկապարտեզի հանդես է, իրար հերթ չտալով՝ կգնան հանդեսի, բա այստեղ ինչո՞ւ չեն գալիս, երկրի ղեկավարն այս ամենը չի՞ տեսնում». Կարեն Լազարյան
Արդեն մի քանի օր է՝ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում դասապրոցեսը պարալիզացված է, ուսանողներն ու դասախոսական անձնակազմը բոյկոտում են ու դասերին չեն մասնակցում, քանի որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հեռացրել է քոլեջի 16 տարվա տնօրեն Կարեն Լազարյանին։
Ըստ քոլեջի անձնակազմի, տնօրենի հեռացումն ապօրինի է, քանի որ հեռացման հիմքում հստակ որևէ հիմնավորում նախարարը չի դրել։
Այսօր ևս քոլեջում իրավիճակը լարված է եղել՝ ուսանողները դասերին չեն մասնակցել և բոյկոտել են նորանշանակ տնօրենի մուտքը քոլեջ։
Քոլեջի արդեն նախկին տնօրեն Կարեն Լազարյանը ևս պնդում է՝ իրեն անհիմն են աշխատանքից հեռացրել։

«ԿԳՄՍ նախարարն ընդամենը 2 օրենքից հոդված է բերել-դրել ազատման հիմքում, որը կապ չունի այս ամենի հետ։
16 տարի է՝ ես քոլեջի տնօրեն եմ և առաջին անգամ եմ նման անօրինության հանդիպում։
Այսօր ևս քոլեջում դաս չի եղել, անկանոն վիճակ է, աշխատակիցներն ինձ ազատման դիմում են ներկայացրել, փորձում եմ նրանց համոզել, որ այդ քայլին չգնան՝ մնան քոլեջում և շարունակեն իրենց աշխատանքը։ Ի վերջո, սա մեր երկիրն է, ԿԳՄՍ նախարարն օտար է, Սյունիքի մարզպետն էլ՝ հետը, իրենք մի օր գնալու են։ Փորձում եմ համոզել աշխատակիցներին, որ հետ կանգնեն այդ որոշումից, մի մասին ստացվում է համոզել, մի մասին՝ ոչ, գոնե աշխատեն հանուն ուսանողների»,- 168.am-ին փոխանցեց Կարեն Լազարյանը։
Ըստ նրա, քոլեջի նոր տնօրեն են նշանակում Սյունիքի մարզպետի և Ժաննա Անդրեասյանի «սրտի ուզած անձին»։
Կառավարությունը որոշել է միավորել Գորիսի 2 պետական քոլեջները, հստակ ժամկետ է նշված եղել, ըստ որի՝ մինչև հունիս ամիս քոլեջներն արդեն պետք է միավորված լինեին։ Սակայն այդ ընթացքում իշխանությունը չի հասցրել գտնել տնօրենի համար թեկնածու, ուստի խախտել են Կառավարության որոշումը։ Երկու քոլեջների միավորման արդյունքում պետք է ստեղծվեր Գորիսի բազմագործառութային քոլեջը։
«Հիմա Ժաննա Անդրեասյանն այդ ամենը բարդում է ինձ վրա, ասում է՝ խոչընդոտել եք, ես էլ ասում եմ՝ դուք էլ խոչընդոտել եք Կառավարության որոշման կատարմանը։ Ուրեմն՝ իրենք սպասել են այնքան ժամանակ, մինչև տնօրենի հավաստագրի քննություն լինի, իրենց սրտի ուզած թեկնածուին գտնեն, բերեն հավաստագիր շնորհեն։
Հիմա այս բազմագործառութային քոլեջը դեռ չի ստեղծվել, բայց իրենք հրաման են տվել իրենց սրտի թեկնածուին, որպեսզի դառնա քոլեջի տնօրեն, բայց փաստացի այդ քոլեջը մինչև այս պահը դեռևս գոյություն չունի՝ միավորված կարգավիճակով։
Դրանից հետո բերեցին, որպեսզի այդ անձին ներկայացնեն քոլեջին, անձնակազմին, բոյկոտեցին, հետո գնացել են մյուս քոլեջ, այնտեղ նույնպես թույլ չեն տվել, որպեսզի մտնեն շենք։ Այսինքն՝ մերժել են, իրենց մերժված են ասում։ Հետո իրենք սպասեցին-սպասեցին, 2 օր առաջ էլ հրամանը միանգամից եկավ, որ ես այլևս քոլեջի տնօրեն չեմ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Կարեն Լազարյանը պատրաստվում է իր ազատման հրամանը վիճարկել, ասում է՝ եթե Հայաստանն իրավական երկիր է, պետք է ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ իրեն պաշտոնից հեռացրել են որոշակի քաղաքական հայացքների տարբերության պատճառով, Կարեն Լազարյանը պատասխանեց՝ երբեք իր քաղաքական հայացքները չի խառնել կրթության հետ, հավանաբար սա էլ իշխանություններին դուր չի եկել, որ քաղաքական հայացքները հեռու է պահում կրթությունից։
«Ամեն տարի 150-ից ավելի ընտանիք իր երեխային վստահում է մեզ, մենք քոլեջում գործ ունենք անչափահաս ուսանողների հետ, հետևաբար՝ այնքան զբաղված ենք լինում, որ կրթությունից բացի, որևէ բանի մասին չենք մտածում։
Կրկնում եմ՝ իմ քաղաքական հայացքները երբեք քոլեջում չի օգտագործվել, երբեք»,- շեշտեց նա։
Նա նաև ասաց, որ քոլեջում կան վարչական աշխատողներ, որոնք ևս ցանկանում են ազատման դիմում գրել՝ ասելով, որ այլևս հնարավոր չէ իրավական լեզվով խոսել ԿԳՄՍ նախարարի հետ։
«Տիկնոջը բազմիցս հրավիրել եմ քոլեջ, որպեսզի գա՝ քննարկենք, գուցե բացատրեր իրավիճակը, հասկանայինք, բայց չեկավ։
Նախորդ տարի քոլեջի 100-ամյակն էր, Ժաննա Անդրեասյանը եկել էր միջոցառմանը, դրանից հետո չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, ամեն դեպքում հայտնվեցինք նման գործընթացների մեջ։
Օրենսդիր ներկայացուցիչներ ունենք, նրանցից որևէ մեկին չի՞ հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում։ Իրենց հնարած օրենքը խախտվում է, սակայն իրենցից որևէ մեկը չի ասում՝ տիկին ջան, այս ի՞նչ եք անում։ Հիմա որ ասեն՝ այսինչ գյուղի մանկապարտեզի հանդես է, իրար հերթ չտալով՝ կգնան այդ հանդեսին, բա այստեղ ինչո՞ւ չեն գալիս, երկրի ղեկավարն այս ամենը չի՞ տեսնում։
Այստեղ մարդիկ խոսում են, որ այդ նախարարությունը ժառանգական տվել են Ժաննա Անդրեասյանին, նա Պետրոսի կինն է, նրան ամեն ինչ կարելի է։
Սա մեր երկիրն է, իրենք օտար են, Սյունիքի մարզպետն առաջինն է այստեղից գնալու»,- ընդգծեց Կարեն Լազարյանը:
