Պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի այցելել Ադրբեջան․ Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստ է հարմար պահին մեկնել Ադրբեջան։ Նա այդ մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ես պատրաստվում եմ հարմար պահի մեկնել Ադրբեջան և որևէ ձևաչափով իմ գործընկերոջը ( Սահիբա Գաֆարովա. խմբ.) հրավիրել Հայաստան»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին` Ադրբեջան այցելելու հրավեր ստացե՞լ է, Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ, բայց եթե լինի, կքննարկի այդ հրավերը:
Լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ նորմա՞լ է համարում Ադրբեջան գնալ-գալը, երբ այնտեղ պահվող հայ գերիներ կան։
«Իսկ «քննարկել» ասելով՝ ես ի՞նչ նկատի ունեմ»,- արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահը։
Նա տեղեկացրեց, որ 2026թ. մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանի չմասնակցելը կապված չէ Հայաստանի հետ։
«Իրենք ինձ ուղիղ տեքստով ասացին, որ դա կապված է Եվրամիության հետ իրենց հարաբերությունների հետ, և տիկին Գաֆարովան հանդիպման ժամանակ խնդրել է, որ նախագահի անունից փոխանցեմ, որ դա որևէ կապ չունի հայկական կողմի հետ»,- ասաց Սիմոնյանը:
Ավելի վաղ Սիմոնյանը հայտարարել էր, որ հնարավոր է համարում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները Երևան և Բաքու, սակայն մինչ այդ պետք է լուծել Ադրբեջանում պահվող հայազգի անձանց խնդիրը:

