Բաժիններ՝

«Նպատակս է՝ ցույց տալ աշխարհին մեր մշակույթը և այն, ինչն այսօր փորձում են մոռացության մատնել». Աշոտ Վարդանյան

Օրերս Երևանի Կամերային թատրոնում տեղի ունեցավ նկարիչ Աշոտ Վարդանյանի ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը մեկ հարկի տակ էր հավաքել ոչ միայն թատրոնի անձնակազմին, այլև Աշոտ Վարդանյանի հարազատներին, ընկերներին։

Ցուցահանդեսի խորագիրն էր՝ «15», որը կապված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ողբերգության հետ։

«1915 թվականը հայ ժողովրդի պատմության խորը վերքն է, որը չի սպիանում մինչ այսօր, այլ ապրում է մեզ հետ, մեր աչքերում, մեր ներկայում և մեր հիշողության մեջ։

Կարդացեք նաև

Անցյալ, որն այսօր էլ հետապնդում է մեզ և, ցավոք, կրկնվում է։ Ապրումներ և հիշողություն, որոնք միշտ կուղեկցեն յուրաքանչյուրիս»,- այսպես մեկնաբանեց Աշոտ Վարդանյանը ցուցահանդեսի խորագիրը։

Ասում է՝ իր նկարները ծնվել են պատմելու և վերապրելու անհրաժեշտությունից, վստահեցնելով՝ սա ողբ չէ, այլ՝ հիշատակ և գոյատևման պայքար։

«Արվեստն ինձ համար միակ ճանապարհն է՝ փոխանցելու այն, ինչը պետք է չմոռացվի։ Այս գործերը նրանց մասին են, ովքեր հավերժացան, բայց մնացին մեզ հետ՝ հողի, արյան և հիշողության ձևով։

Նկարները պատմում են այն, ինչը բառերով ասել չեմ կարող։ Իմ նպատակն է՝ ցույց տալ աշխարհին մեր մշակույթը, պատմությունը և այն, ինչն այսօր փորձում են մոռացության մատնել։ Բայց մենք այստեղ ենք, մենք հիշում ենք և շարունակում ապրել ու արարել»,- շեշտեց Աշոտ Վարդանյանը։

Նա նաև ընդգծեց՝ այն, ինչը չի կարող ասել բառերով, ներկայացնում է իր ստեղծագործությունների միջոցով, հետևաբար՝ պետք է տեսնել այդ ստեղծագործությունները։

Տեսանյութեր

Լրահոս