Վստահ եմ՝ կբավարարվի ադրբեջանցի դատախազների պահանջը, Արցախի նախկին 3 նախագահները կդատապարտվեն ցմահ. Ադրբեջանում այլ տարբերակ չի լինում. Արտակ Բեգլարյան
Հայաստանի քաղհասարակության որոշ ներկայացուցիչները մեկնել են Բաքու։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքու են գնացել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։
«Ազատություն» ռադիոկայանն առավոտյան գրել էր, որ այս այցի ընթացքում ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին տեսակցություն նախատեսված չէ, թեև Հայաստանի քաղհասարակության անդամները նախապես նման ցանկություն էին հայտնել։
Իսկ զուգահեռ իրականությունում Բաքվի ռազմական դատարանում ադրբեջանցի դատախազները պահանջում են, որպեսզի ցմահ ազատազրկման դատապարտվեն Արցախի նախկին 3 նախագահները, իսկ մյուս պատանդները և գերիները դատապարտվեն 16-19 տարվա ազատազրկման։
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ասում է՝ անակնկալի չի եկել դատախազների այս պահանջից, սպասելի էր։
«Վստահ եմ՝ դատարանը կբավարարի դատախազների պահանջը, Ադրբեջանում այլ տարբերակ չի լինում։ Այդ պահանջը բավարարելուց հետո պատանդների հարցի լուծումը քաղաքական է, այստեղ իրավական լուծում չկա։
Հայաստանի իշխանությունները բոլոր գործիքակազմերը պետք է օգտագործեն՝ ուղիղ և միջնորդավորված, որպեսզի բոլոր գերիներին վերադարձնեն Հայաստան։ Այդուհանդերձ պետք է ասեմ, որ ես չեմ տեսնում, որ ՀՀ իշխանությունները հետաքրքրված են այդ գործիքակազմն օգտագործելու, մասնավորապես՝ կոնկրետ անձանց պարագայում։ Այսինքն՝ Արցախի ղեկավարության պարագայում՝ 3 նախագահների, Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Իշխանյանի դեպքում։ Այս անձանց դեպքում ՀՀ իշխանությունները մշտապես անվանական միշտ թիրախավորել են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Բեգլարյանը։
Արտակ Բեգլարյանը վերջերս է վերադարձել արտերկրից, ըստ նրա՝ այցի նպատակը մշտապես մեկն է լինում՝ Արցախի ու արցախահայերի խնդիրների բարձրաձայնումն ու լուծումներ փնտրելը։
«Բոլոր շրջանակների հետ հանդիպումների ժամանակ մեր բոլոր հարցերը բարձրացրել եմ, այդ թվում՝ գերիների։
Իմ հանդիպումների ընթացքում բոլոր անձինք գիտակցում են, որ Արցախ վերադարձի հետ կապված իրավունքն առկա է, բայց կասկած ունեն գործնականության հարցում։ Մասնավորապես՝ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման հետ կապված, բայց այդ ամենը ժամանակի հարց է։
Եթե ՀՀ իշխանությունների դիրքորոշումը փոխվի, ապա իրենք կարող են դիմել գործուն քայլերի։ Բայց կրկնում եմ՝ առաջին հերթին Հայաստանում իշխանությունը դիրքորոշումը պետք է փոխի և այդ փոփոխությունից բխող գործողություններ լինեն»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին 9-ամսյա շրջափակումից հետո Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի ուղղությամբ։ Մեկ օր տևած ռազմական գործողությունների արդյունքում 200-ից ավելի մարդ զոհվեց, զոհվեցին նաև քաղաքացիական անձինք, երեխաներ։ Ադրբեջանին հաջողվեց ամբողջովին օկուպացնել Արցախը, իսկ արցախահայերին բռնի տեղահանել իրենց բնօրրանից։
2023 թվականի սեպտեմբերից ադրբեջանական գերության մեջ է գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ադրբեջանը շինծու մեղադրանք է առաջադրել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս տարվա հունվարի կեսից Բաքվի ռազմական դատարանում ընթանում է պատանդառված հայերի վերաբերյալ շինծու դատավարություն, որի ընթացքում նրանց դեմ տարբեր անձինք տարբեր կեղծ վկայություններ են տվել։
Ամբողջ դատավարությունն ընթանում է առանց միջազգային փաստաբանների և միջազգային լրատվամիջոցների, դատական նիստերին ներկա են լինում միայն ադրբեջանական լրատվամիջոցները։
Հարկ է հիշեցնել, որ այս տարվա սեպտեմբերի 3-ին Բաքվում փակվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, այդպես էին պահանջել Ադրբեջանի իշխանությունները։ Այդ կառույցը միակն էր, որը կարողանում էր կապ ապահովել գերիների և նրանց ընտանիքների միջև։

