Վստահ եմ, որ տղաներին կալանավորելու են. Փաշինյանի ժողովրդավարությունը սա է. Հայկ Մամիջանյան

Այսօր քննչական հատուկ գործողությունների ժամանակ ոչ միայն ձերբակալվել են «Անտիֆեյքի» հիմնադիրներ, «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, այլև առգրավել է ամբողջ տեխնիկան, որը ձեռք էր բերվել տարիների ընթացքում հետևորդների հանգանակություններով։

Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց՝ «Փաշինյանի ժողովրդավարությունն այս տեսքն ունի»։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի ու թիմայինների արձագանքից (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո. խմբ․) սպասելի էր, որ նման զարգացումներ են լինելու։

«Իրենք սովորաբար շարժվում են հետևյալ տարբերակով․ գտնում են ինչ-որ հկ-մկ, իբր քաղհասարակության ներկայացուցիչ, իրենց միջոցով են ներկայացնում հաղորդումները։ Այս անգամ նույնիսկ չեն էլ թաքցնում՝ Ալեն Սիմոնյանն է հաղորդում ներկայացրել»,- նշեց Մամիջանյանը՝ ուշադրություն հրավիրելով նաև Սամսոնյանին և Սաղաթելյանին բերման ենթարկելու ձևին՝ ձեռքերը ոլորած, ուժի կիրառմամբ։

Ինչ վերաբերում է գրասենյակում կատարված խուզարկությանն ու ամբողջ տեխնիկայի առգրավմանը՝ Մամիջանյանի խոսքով՝ դա էլ էր սպասելի։ Հիշեցնում է՝ երբ 2024թ․ մարտին Սամսոնյանին ու Սաղաթելյանին կալանավորեցին, հաղորդաշարը չընդհատվեց, շարունակեց հեռարձակվել։

«Հակառակը՝ հաղորդումն ավելի մեծ տարածում էր ունենում։ Այս պարագայում «իշխանություն» կոչեցյալները փորձում են իրենց սխալն ուղղել և կասեցնել հաղորդման գործունեությունը»,- ասաց Մամիջանյանը։

Վստահ է նաև, որ կալանքի միջնորդություն է ներկայացվելու, երկուսն էլ կալանավորվելու են։

Նրա կարծիքով՝ Փաշինյանն ու ՔՊ-ականները ծանր են տարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, այնտեղ հնչած փաստերը, հարցադրումները, և պետք է բոլոր տարբերակներով փորձեին լռեցնել տղաներին։

Տեսանյութեր

Լրահոս