Ալիևը շտապեցնում է Փաշինյանին. գիտակցում են՝ Նիկոլի վիճակը լավ չէ. Մենուա Սողոմոնյան

Ադրբեջանում լավ գիտակցում են, որ Փաշինյանի վիճակը լավ չէ Հայաստանում, և նա չի վերընտրվելու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, դրա համար էլ Ալիևը վերսկսել է ագրեսիվ հռետորաբանությունը՝ փորձելով ճնշումների միջոցով ինչ-որ բան կորզել Հայաստանից։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց «ՀայաՔվե» միավորման անդամ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մենուա Սողոմոնյանը՝ նշելով, որ հայ հանրությունը չի հանդուրժելու տարածքային նոր զիջումներն Ադրբեջանին։

«Այսօր Ադրբեջանում լավ գիտակցում են, որ Փաշինյանի վիճակը լավ չէ Հայաստանում, և նրան վստահող քաղաքացիների թիվը շատ քիչ է, և առաջիկա հերթական ընտրություններում նա չի ընտրվելու, չի հաղթելու։ Դրա համար է, որ վերջին շրջանում նորից սկսվել է [Բաքվի] այդ ագրեսիվ հռետորաբանությունը, որի նպատակն է՝ ճնշումների միջոցով ինչ-որ բան նորից կորզել։ Առաջիկայում մենք տեսնելու ենք, այսպես կոչված՝ անկլավների թեմայի ակտիվացում։

Ինչո՞ւ մինչև հիմա չէր ակտիվանում՝ որովհետև մի ուրիշ զիջման թեմա կար, որ խոստացել էր ադրբեջանցիներին՝ Հայ Եկեղեցին թուլացնելն ու կազմաքանդելն էր, որն իր վրա էր վերցրել։ Ստեր խոսելով, չափազանցություններ անելով, մարդկանց տրամադրելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ փորձում էր դրանով դիվիդենտներ շահել, իր համար ընտրազանգված ապահովել և այդպիսով մնալ իշխանության և 2026 թվականին վերընտրվելուց հետո նոր արդեն կատարել Ադրբեջանի պահանջները՝ ինչպես որ ինքը խոստացել է, կլինի դա Սահմանադրություն փոխելը, այսպես կոչված՝ անկլավների հարցը, և այլն։ Հիմա ադրբեջանցիները տեսնում են, որ Եկեղեցին քանդելու հարցում նա ձախողել է, դրա համար առաջնորդվում են «շնից մազ պոկելը խեր է» սկզբունքով և փորձում են ճնշումների միջոցով, սպառնալիքով բարձրացնել, այսպես կոչված՝ անկլավների հարցը»,- մեկնաբանեց Մենուա Սողոմոնյանը։

Կարդացեք նաև

Այս համատեքստում պատմաբանը շեշտեց՝ Տիգրանաշենը կամ Տավուշի մի քանի գյուղերը, որոնք այժմ պահանջում է Ադրբեջանը և որոնք Հայաստանի ներկա իշխանություններն «անկլավ» են կոչում, պատկանում են Հայաստանի Հանրապետությանը։ Նրա խոսքով՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանում ընդունված որևէ փաստաթղթում գրված չէ, թե Խորհրդային Հայաստանն այդ բնակավայրերը փոխանցել է Խորհրդային Ադրբեջանին։

«Տիգրանաշենն Արարատ խոշորացված համայնքի բնակավայր է։ Երկրորդ, ժամանակին միութենական հանրապետությունների միջև տարածքային փոխանակումների հարցեր առաջանալիս՝ դրանց վերջնական որոշումը կայացնում էր Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որևէ որոշում չկա այն մասին, որ նշված տարածքները Խորհրդային Հայաստանը փոխանցել է Խորհրդային Ադրբեջանին։ Եթե եկել են, բնակեցրել են, «կոլխոզ» կամ «սովխոզ» են ստեղծել և ապրել են, դա չի նշանակում, որ դա Ադրբեջանինն է։ Այդ տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, Հայաստանի տակին կարող է բան չմնալ։ Այդ նույն հաջողությամբ ասենք՝ պատմական Գանձակը՝ Գյանջան կամ նախկին Կիրովաբադը, հայկական անկլա՞վ է, Բաքվի կեսը հայկական անկլա՞վ է։ Դա չի կարող տանել հարաբերությունների կառուցողական դաշտ»,– հավելեց Մենուա Սողոմոնյանը։

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ տարածքային նոր զիջումներ անելու փորձը դառնալու է Փաշինյանի իշխանության վերջը։

Մենուա Սողոմոնյանը շատ է կարևորում այն հանգամանքը, որ Հայաստանից հնչող սթափության կոչի ձայները հասնեն ադրբեջանական հասարակությանը, որովհետև իր կարծիքով՝ այնպես չէ, որ այնտեղ ապրող ժողովուրդն արյան ծարավ է, պարզապես Ադրբեջանում իշխող էլիտան հետևողականորեն թունավորում է մարդկանց  գիտակցությունն ու հակահայկականություն է սերմանում։

«Եթե անգամ նրանք «ադրբեջանցի» ինքնություն են կերտում, նոր էթնոս են կերտում, ապա թող դա չանեն մեր դեմ։ Թող իրենց ազգային նպատակի մեջ դնեն իրենց բարօրությունը, թող փորձեն մշակույթ ստեղծել՝ ինչպես որ մենք ենք արել։ Մեր ազգակերտումը, որ եղել է դարերի ընթացքում, մեր պետականակերտումն ուղղված չի եղել որևէ պետության դեմ։ Այն ուղղված է եղել մեր տեսակը պահպանելուն»,- նշեց Սողոմոնյանը։

Այս համատեքստում «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը պատմեց, որ անձամբ ճանաչում է Ադրբեջանի ներկայիս արտաքին քաղաքականության ճարտարապետին՝ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևին, որի հետ շփվել է ուսանողական տարիներին, երբ նա Երևան էր եկել քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսության ինչ-որ ծրագրի շրջանակում, և օգտվելով առիթից՝ դիմեց այսօր Ադրբեջանում բարձր պաշտոն զբաղեցնող այդ երիտասարդին.

«Հիմա ես, օգտվելով առիթից, Հիքմե՛թ, եթե դու լսում ես ինձ, ուզում եմ հիշեցնել քեզ, որ այն ժամանակ դուք ձեզ շատ վատ էիք զգում, դուք անընդհատ շեշտում էիք, թե «արդար չի վիճակը», որ «տարածքներն օկուպացված են», որ «փախստականներ կան», և այլն, և հիմա դուք շատ ավելի վատն եք անում։ Այն ժամանակ մենք պոզիտիվ էինք տրամադրված և ասում էինք՝ եկեք լուծենք հարցը փոխզիջումներով։ Դուք հիմա փոխզիջումների անուն էլ չեք ուզում լսել։ Դուք հիմա կարծում եք, թե Հայաստանի Հանրապետությանը ստիպելով, ճնշելով, շանտաժով, սպառնալով, չխորշելով անգամ ոչնչացնելու բառամթերքից՝ մտածում եք, թե խաղաղություն կլինի։ Դա չի լինի։

Անհնար է, և պետք է, ի վերջո, հասկանալ, որ խաղաղության հիմքում ընկած արդարության կարևորագույն չափանիշը, որը կա մեր ժողովրդի ընկալման մեջ, Արցախի վերահայացումն է, Արցախը մեր հայրենիքն է, և այն պետք է լինի հայկական։ Եվ եթե դուք ունենաք այդ քաջությունը, որ չտրվեք ձեր ղեկավարի զուտ իշխանասիրական նկրտումներին և փորձեք համոզել, ասել, որ, այո՛, պետք է ընդունի Արցախի ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը։ Այս հարցը պետք է լինի օրակարգում։ Մինչև այս հարցը չլինի օրակարգում, խաղաղություն չի՛ լինելու»,– հավելեց Մենուա Սողոմոնյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս