Բաժիններ՝

Աստծո մասին խորհրդածություններս

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակում, երբ տեխնոլոգիայի բացասական կողմը ահավոր ազդում է մարդկանց վրա: Մարդկանց համբերատարության մակարդակը օրըստօրե նվազում է: Մարդիկ համբերություն չունեն ո՛չ մարդկանց հանդուրժելու, ո՛չ տքնաջան աշխատանք կատարելու, և ո՛չ իսկ տասնյակ էջեր կարդալու՝ սնուցանելու համար իրենց միտքն ու հոգին:

Այստեղ ներկայացնում եմ Աստծո մասին խորհրդածություներս: Լիահույս եմ, որ դա օգտակար կլինի՝ հոգեմտավոր սնունդ կմատակարարի ընդհանրապես ընթերցողներին և հատկապես պատանիներին ու երիտասարդներին:

Աստծո մասին խորհրդածություններս

Աստված գոյ է, անկախ նրանից, թե մենք հավատում ենք Նրա գոյությանը կամ ոչ:

Կարդացեք նաև

Հնարավոր չէ, որ նյութը լինի իր գոյության պատճառը: Նյութը ստեղծվեց Աստծո կողմից:

Աստված մեզնից հեռու չէ, ինչպես կարծում են որոշ փիլիսոփաներ, բանաստեղծներ, կամ մտավորական անձեր, այլ մենք ենք հեռու Բարձրյալից:

Տիեզերքում գտնվող գալակտիկաները, մոլորակները, լուսինները և աստղերը՝ իրենց թվով, կազմով, գույներով և հեռավորություններով, ապացուցում են Արարչի գոյությունը։

Աշխարհում տեղի ունեցած ողբերգությունները՝ պատերազմներ, հիվանդություններ, անգործություն, սղություն և այլն, ոչ թե Աստծո կամքն են, այլ մարդու սխալ ընթացքի հետևանքներն են:

Մարդու մարմնի բջիջների, հյուսվածքների, օրգանների, օրգան-համակարգերի կառուցվածքը, նշանակությունն ու գործունեությունը փաստում են Աստծո անսահման իմաստությունը:

Աստված ճշմարիտ քրիստոնյայի համար ՀԱՅՐ, ՏԵՐ, ԲԱՐԵԿԱՄ և ՍԻՐԵԼԻ է բառի ամբողջական իմաստով:

Աստծո հետ մեր հոգևոր հարաբերությունը մարդկային բոլոր հարաբերություններից վեհ է:

Սիրել Աստծուն՝ նշանակում է սիրել Նրա բոլոր պատվիրանները և գործադրել դրանք մեր կյանքում:

Ժամանակը սկսվեց տիեզերքի ստեղծագործությամբ․ «ՍԿԶԲՈՒՄ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. 1:1), սակայն սա չի նշանակում, որ Աստված ստեղծելու ժամանակ չուներ, ինչպես կարծում են որոշ գիտնականներ, որովհետև Աստված անժամանակ է՝ ժամանակից առաջ է, դուրս է:

Աստված գոյ է ամենուրեք, բայց Նա չի փառավորվում բոլոր տեղերում՝ խաղատներում, գիշերային ակումբներում, կաբարեներում և այլ սխալ վայրերում:

Այո՛, Աստծո ողորմությունն անսահման է, բայց միևնույն ժամանակ Նրա արդարությունը անսահման է:

Զարմանալի են ֆիզիկապես առողջ մարդիկ, որոնք աթոռի վրա հանգիստ նստելով, ոտքը ոտքին դնելով՝ աղոթում՝ խոսում են Աստծո հետ, մինչ Երկնքում Աստծո շուրջը գտնվող սերովբեները ամենայն երկյուղածությամբ կանգնում են Բարձրյալի  դիմաց. «Այն տարին, երբ մեռավ Ոզիա արքան, տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերամբարձ աթոռին, և տաճարը լի էր նրա փառքով։  Նրա շուրջը սերովբեներ կային, որոնցից յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով՝ իրենց ոտքերը և երկուսով էլ թռչում էին։  Ձայնակցում էին իրար և ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով» (Ես. 6:1-3):

Աստված չի որոշել, թե ովքեր պիտի ժառանգեն Երկնքի արքայությունը և ովքեր պիտի դատապարտվեն հավիտենական տանջանքով, որովհետև Աստված մարդուն պարգևել է ազատ կամեցողություն՝ ընտրելու համար փրկություն և կորուստ գնացող ճանապարհներից մեկը:

Այո՛, Աստված որոշ մարդկանց ընտրել է, որ լինեն նահապետներ, դատավորներ, թագավորներ, առաքյալներ, քահանաներ, բայց չի ընտրել որևէ մեկի, որ գնա դժոխք:

Աստծո գոյության մերժումը մարդու երկրավոր կյանքի ամենամեծ սխալն է:

Աստված մարդկանց  կյանքի որոշ պայմաններում, հարմար ժամանակին միջամտում է Իր անսահման փառքի համար:

Աստված կարիք չունի մարդու, մարդն է, որ կարիք ունի Աստծո:

Աշխարհի բույսերը իրենց ընտանիքներով, տեսքերով, գույներով և բուրմունքներով խոսում են Աստծո մասին:

Աստված վերջինն է որոշ մարդկանց կյանքում, ինչպես աջակողմյան գող ավազակի, մինչ դեռ սկիզբն ու վերջն է այլ մարդկանց կյանքում՝ Հայր Աբրահամը:

Աստծո բոլոր պատվիրանների գործադրությունը մեր կյանքում անիրագործելի չէ:

Աստված երբեմն արտոնում է, որ մենք հանդիպենք զանազան տեսակի փորձությունների, որպեսզի Նրա օգնությամբ և մեր հոգեմտավոր պայքարով հաղթական դուրս գանք այդ բոլորից՝ ստանալով օրհնություն, հոգևոր փորձառություն, առաքինությունների ձեռքբերում և այլն:

Աստծո շնչով գրված գիրքը՝ Աստվածաշունչ մատյանը, բոլոր ժամանակների աշխարհի գրքերի գիրքն է:

Ինչքա՜ն տխուր ու ցավալի է վիճակը, երբ Արարիչը իր որոշ արարածների՝ մարդկանց կյանքում բացակա է:

Վերջին դատաստանին բոլորը ծնկի պիտի գան Ամենադատավորի՝ Աստծո առջև, հաշիվ պիտի ներկայացնեն իրենց երկրավոր կյանքում կատարած բոլոր խորհուրդների, խոսքերի, զգացմունքների և գործերի համար:

Մեղավոր մարդու հանդեպ Աստծո անսահման սիրո լավագույն պատկերը խաչափայտն է. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3:16):

Անկարող ենք Աստծո մասին կատարյալ բացատրություն ներկայացնել, որովհետև ինչպե՞ս խոսենք Անսահմանի՝ Աստծո մասին մեր սահմանափակ բառերով:

Աստված լավագույն բարեկամն է հավատացյալի համար:

Աշխարհի բոլոր ատոմային ռումբերի պայթյունի միացյալ ուժը ոչինչ է Աստծո բարկության զորության դիմաց։

Աստված մեզ է սպասում Երկնքում:

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս