Վաղը սպասվում է այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը
Վաղը սպասվում է այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը. ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Ներկայում, նույնիսկ թուլացած տեսքով (առանց հաշվի առնելու գիշերային արտանետումը), ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կանխատեսումները ցույց են տալիս փոթորիկներ G3-G4 միջակայքում, այսինքն՝ դրանք տատանվում են ուժեղից մինչև շատ ուժեղ։ Օրվա ընթացքում վերահաշվարկի դեպքում այս միջակայքը, հավանաբար, կտեղափոխվի G4-G5(ծայրահեղ ուժեղ) միջակայքի։
Սա նշանակում է, որ Երկրի մագնիսական դաշտում առաջացած խանգարումները կարող են զգալի ազդեցություն ունենալ ինչպես տեխնիկական համակարգերի, այնպես էլ մարդու ինքնազգացողության վրա։
Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը:
Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում:
Ինչպե՞ս պաշտպանվել:
Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում»։

