Բաժիններ՝

ԱՄՆ նախագահը գարնանը կայցելի Չինաստան. Թրամփը մանրամասներ է ներկայացրել Ծինփինի հետ հանդիպումից

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ 2026 թվականի գարնանն այցելելու է Չինաստան։ Այս մասին նա խոսել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Հարավային Կորեայում կայացած հանդիպումից հետո։

«Ես ապրիլին գնալու եմ Չինաստան, դրանից որոշ ժամանակ անց նա կգա, լինի դա Փալմ Բիչը Ֆլորիդայում կամ Վաշինգտոնը»,- CNN-ի փոխանցմամբ, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը, ով այսպիսով ավարտել է Ասիա կատարած իր երկար այցելությունը։

Նա խիստ դրական է գնահատել Ծինփնի հետ մեկ ժամ և 40 րոպե տևած հանդիպումը՝ Չինաստանի ղեկավարին «մեծ առաջնորդ» և «բարեկամ» անվանելով։

«Եթե գնահատենք հանդիպումը 0-ից 10-ն ընկած սանդղակով, որտեղ 10-ը ամենալավն է, ես կասեի, որ այս հանդիպումը 12 էր»,- ասել է Թրամփը՝ հայտարարելով, որ Ծինփինի հետ հարաբերությունները շատ լավ են։ 

Անդրադառնալով հանդիպմանը քննարկված թեմաներին՝ ԱՄՆ ղեկավարը տեղեկացրել է, որ խոսել են ուկրաինական հակամարտությունից։ Նրա խոսքով՝ երկու առաջնորդները համաձայնվել են աշխատել միասին՝ «տեսնելու, թե արդյոք կարող ենք ավարտին հասցնել պատերազմը»։

«Սին օգնելու է մեզ, մենք միասին ենք աշխատելու Ուկրաինայի հարցում»,- նշել է Թրամփը։ ԱՄՆ ղեկավարը տեղեկացրել է, որ հանդիպմանն անդրադարձ չի եղել Չինաստանի կողմից ռուսական նավթ գնելու հարցին։

Փոխարենը կողմերը խոսել են տնտեսական այլ հարցերի, մասնավորապես սոյայի գնումների մասին։ Թրամփը հայտարարել է, որ պայմանավորվածության համաձայն չինական կողմը վերսկսելու է մեծ քանակությամբ սոյայի գնումները, որոնք վերջերս դադարեցրել էր։ Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է նաև, որ Ծինփինի հետ հանդիպման արդյունքներով որոշում է կայացրել նվազեցնել ֆենտանիլի հետ կապված մաքսատուրքերը մինչև 10%։ Մինչ այս սահմանված մաքսատուրքը 20% էր։  ԱՄՆ ղեկավարի խոսքով, չինական ներմուծման վրա սահմանված մաքսատուրքերը 57%-ից կնվազեն մինչև 47%-ի։

Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքում Սի Ծինփինն իր գովեստի խոսքերն էր հղել Թրամփին՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի, ինչպես նաև Թաիլանդի ու Կամբոջայի միջև հրադադար հաստատելու գործում ունեցած ներդրումի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս