Լիբանանում իսրայելական հարվածից հետո զոհ ու վիրավորներ կան
Իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Լիբանանի Բաալբաք քաղաքի հարևանությամբ գտնվող Հաֆիր ալ-Ֆաուկա բնակավայրում զոհվել է մեկ մարդ, վիրավորվել երկու քաղաքացի։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի երկու տարբեր շրջանների՝ ոչնչացնելով «Հեզբոլլահ» շիական կազմակերպության երկու անդամների։
«Իսրայելի պաշտպանության բանակը ճշգրիտ հարված է հասցրել Լիբանանի Բեքաա շրջանում՝ ոչնչացնելով ահաբեկիչ Ալի Հուսեյն ալ-Մուսաուիին, որը զբաղվում էր «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության համար զենքի մաքսանենգությամբ, Սիրիայից Լիբանան զենքի գնմամբ ու մատակարարմամբ»,- նշվել է հայտարարության մեջ։Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկացմամբ՝ Լիբանանի հարավոմ գտնվող ան-Նաքուրա շրջանում սպանվել է «Հեզբոլլահի» ևս մեկ անդամ։ Ըստ հաղորդագրության՝ նա «Հեզբոլլահի» ներկայացուցիչն էր Լիբանանի հարավում։Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։
Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 267, վիրավորվել՝ 608 մարդ։
Չնայած հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

